Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսի 17-ին հրապարակում հայտարարեց, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտված են ամբողջությամբ, այդ գործի բացահայտումը Քոչարյանին կալանավորե՞լն է: Բա 10 զոհե՞րը: Ինչպես նախորդ տարիներին ես չեմ նկատել, որ ցանկություն կա այդ 10 զոհերի մեղավորներին հայտնաբերել, հիմա էլ չեմ տեսնում այդ ցանկությունը: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Ալումյանը խոսեց նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասնակցությամբ հայտնի հեռախոսազրույցի մասին. «Զրույցում դատավոր Հրաչը, ով փաստաբանների կողմից ամենացածրն է գնահատվել, նախապես սկսում է ճշտումներ անել ԱԱԾ տնօրենի հետ: Դատավորն ասում է, որ «գործը ջուր» է, սակայն դրանից հետո ԱԱԾ տնօրենն ասում է՝ ուզես-չուզես պետք է կալանքը տաս: Այս պայմաններում տված կալանքը ՄԻԵԴ-ը պետք է ասի, որ նորմա՞լ է, հա՞, ես չեմ պատկերացնում: Կամ, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը խոսում են այն մասին, որ «փակեն» ցուցմունք ստանալու համար: Հասկանո՞ւմ եք, ստացվում է, որ կալանավորումը համարում են ցուցմունք ստանալու միջոց, իսկ հանրությանը ներկայացնում են, թե դա արվում է, որ չխոչընդոտեն քննության»:
Փաստաբանը խոսեց նաև վարչապետի մասնակցությամբ զրույցի մասին, որտեղ ԱԱԾ տնօրենն արդեն նախապես ասում է, թե դատավորն ինչ որոշում է կայացնելու:
Ալումյանը վստահ է, որ Քոչարյանի գործն ուղիղ ուղղորդվում է՝ նախ սցենարն է գրվել, հետո սկսել են դրա տակ ապացույցները հարմարեցնել. «Մարտի 1-ի գործը դարձել է գործիք: 10 զոհի ողբերգությունը գործը քննողներին կարծես թե չի հետաքրքրում այնպես, ինչպես նախորդ 10 տարիներին»: