Հասարակություն Իրավական 

Նիկոլ Փաշինյանի խորհրդականը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ. Հայկ Ալումյան

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ օրեր առաջ վարչապետի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանն այդ ցուցմունքը համարում է ակնհայտ սուտ, դրա համար էլ եղել է առերեսման փորձ, որը ձախողվել է. «Արշակ Կարապետյանը եղել է 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը»:

Փաստաբան Ալումյանը չի կարող մեկնաբանել այն, թե ինչու է Կարապետյանը հիմա նշանակվել վարչապետի խորհրդական, կարող է միայն ենթադրել իր դառը փորձից ելնելով, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում. «Ես այդպիսի դեպքեր տեսել եմ հատկապես այն գործերով, որտեղ կա քաղաքական բաղադրիչ: Չէի ուզենա մտածել, որ սա այդ դեպքերից մեկն է, բայց հակառակն էլ ինձ դժվար կլինի համոզել»:

Նույն շարքից