Նախընտրական քարոզչության ընթացքում ես արտահայտվել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և ըստ էության, ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեսն իրականացնելու համար։ Այս մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն անհանգստացնում է մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը․ «Երբ նրանք ահազանգում էին՝ ասում էին մի կրճատեք, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է՝ այսինքն մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է հայ մշակույթի հետ: Ո՞ւզում եք էքսպերիմենտ անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա»։
Անդրադառնալով մշակութային քաղաքականության հետ կապված կառավարությանն ուղղված քննադատություններին Փաշինյանը նշեց, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում․ «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր»։
Սփյուռքի նախարարության լուծարման մասին խոսելիս ՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում չկա այնպիսի նախարարություն, որը սփյուռքի հետ կապված խնդիրներով չզբաղվի․ «Շատ դեպքերում մեկը մյուսից տեղյակ չեն, թե ով ինչ է անում: Օրինակ, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման գործով զբաղվում է Կրթության և գիտության նախարարությունը, իսկ դասագրքերն, օրինակ, տալիս է սփյուռքի նախարարությունը և մեկը մյուսից ընդհանրապես տեղյակ չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: