Հասարակություն 

Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է հսկվել մշակութային գործչի աշխատանքը. Արման Գևորգյան

Պետական եկամուտների կոմիտեն  հայտարարությամբ էր հանդես  եկել այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները` երգիչները, երաժիշտները, հանդիսավարները և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձիք պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում՝ բարեխղճորեն ինքնահայտարարագրելով սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով վճարեն հարկերը:

Analitik.am-ի հետ զրույցում դերասան, հումորիստ, շոումեն Արման Գևորգյանն ասաց, որ սխալ կլիներ, եթե ասեր, որ դեմ է ՊԵԿ-ի այդ հայտարարությանը, եթե վերջինս լիներ տրամաբանության սահմաններում. «Երևի թե միտքս օրինակով շարունակեմ, որ շատ ավելի վառ արտահայտված լինի ասելիքս ու նաև արդարացված. Ասենք թե շոուբիզնեսի ու մշակույթի բոլոր ներկայացուցիչները երկու ձեռքով կողմ են այս օրենքի ընդունմանը, բոլորը միաձայն ասում են՝ ընդունելի լինի: Ես անձամբ դեռևս չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է հսկվել այն երգչի, շոումենի կամ մշակույթի այլ ժանրի ներկայացուցչի գործունեությունը, ով գրանցված չէ որևէ հաստատությունում  որպես աշխատող ու հետագայում չի ունենալու նաև կենսաթոշակին ուժ տվող այդքան բաղձալի հազար դրամանոց աշխատանքային տարիները»:

Գևորգյանը նաև նշեց , որ գրանցված չեն, որովհետև իմաստ չունի գրանցվել, քանի որ աշխատում են այնտեղ, որտեղից իրենց հրավիրում կամ պատվիրում են ֆիզիկական անձինք. «Նկատել եմ, որ մեր հայրենակիցներից ոմանք հետևյալ կերպ են իրենց կարծիքը հայտնել` թե ինչի՞ պետք է մենք հարկ մուծենք, իսկ իրենք չմուծեն, մեզանից ինչո՞վ են առավել...և այլն:

Հարգելիներս, իհարկե ոչնչով առավել չենք, քանի որ ձեզանից մեկն ենք և օրենքը պետք է հավասար լինի բոլորիս համար, բայց մշակույթի ոլորտը ներկայացնողներից շատ քչերն են, որ ունեն գրանցում և ստանում են ամեն ամիս ֆիքսված ու կայուն աշխատավարձ: Իսկ նրանցից մեծ մասն ամսվա կտրվածքով կարող են ընդամենը մեկ անգամ հրավեր կամ պատվեր ունենալ (օրինակ՝ երգիչը, ով մեկ պատվերից աշխատում է մոտավոր 20.000-40.000 դրամի սահմաններում), կարող են երկու ամսվա կտրվածքով նույնիսկ մեկ անգամ պատվեր ունենալ, դա կայուն չէ, դա ֆիքսված չէ, դա քիչ է ապրելու համար՝ առավել ևս հարկ մուծելու համար»:

 

Նույն շարքից