Միջազգային Հասարակություն 

Սաուդյան Արաբիայում մահացել է թագավորության հիմնադրի որդին

Սաուդյան Արաբիայի թագավորության հիմնադիր արքայազն Թալալ բեն Աբդել Ազիզը մահացել է կյանքի 88-րդ տարում։ Այս մասին հայտնում է նրա որդիներից մեկը թվիթերյան իր էջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արքայազն Թալալը սաուդյան պետության հիմնադիր Աբդել Ազիզ ալ-Սաուդի 18-րդ որդին էր։ Իշխող միապետը՝ Սալման բեն Աբդել Ազիզը, նրա խորթ եղբայրն է։

Նշվում է, որ անցած հարյուրամյակի 50-ականների վերջին նա զբաղեցրել է թագավորության տրանսպորտի առաջին նախարարի պաշտոնը, հետո եղել է ֆինանսների նախարարը, իսկ 1960-ականների սկզբին Թալալը կոշտ քննադատության է ենթարկել միապետության իշխանական համակարգը։

Ստեղծելով «Ազատ էմիրներ» շարժումը՝ նա մի քանի տարի տարագրվել է Կահիրե, որտեղ վայելել է արաբական հանրապետության նախագահ Գամալ Աբդել Նասերի աջակցությունը։ Համաշխարհային ԶԼՄ-ները տոհմիկ սաուդյան խռովարարին անվանել են Կարմիր արքայազն։ Մի քանի տարի անց նա ավագ եղբոր՝ Ֆեյսալ թագավորի կողմից ներման է արժանացել և վերադարձել Էր-Ռիյադ։

Նշվում է նաև, որ  հայտնի սաուդցի միլիարդատեր ալ Վալիդ բեն Թալալը վախճանված արքայազնի որդիներից մեկն է։

Նույն շարքից