Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
Օպտիմալացում ասվածը պետք է ոչ թե ինչ-որ հիմնարկի փակում ենթադրի, այլ տվյալ հիմնարկի գործունեության այնպիսի կազմակերպում, որ հիմնարկը բալաստից վերածվի գործուն ու օգուտ տվող կառույցի:
Մշակույթի նախարարությունը կարող է վերածվել իրոք օգտակար կառույցի, եթե բացի մշակութային գործիչների թաղման արարողությունները կազմակերպելուց,անհայտ գրողների գրքեր ֆինանսավորելուց և այլ իրականում ոչ առաջնային հարցերով զբաղվելուց, սկսեր իրոք մշակութային արժեքներով զբաղվել. Աշխարհում շատ երկրներ կարողացել են իրենց քարանձավերը, սարերը, քարերը դարձնել մշակութային արժեք և աշխարհով մեկ PR անել, ինչի արդյունքում հազարավոր տուրիստներ գալիս են ինչ-որ թփի, քարի հետ նկարվելու, որը կարող է իրականում չի էլ համապատասխանում այն լեգենդին, որը լավ տարածվել է:
Մենք, որ աշխարհում առաջինն ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում, ունենք շատ տաճարներ, քարանձավեր, ժայռեր, եկեղեցիներ, մատուռներ, իրոք հնագույն քաղաքակրթություն, պատմություն, դիցաբանություն, փոխարենը զբաղվենք այդ ամենը մշակութային արժեքի վերածելով, աշխարհով մեկ տարածելով, զբաղված ենք, մեղմ ասած, այդ ամենը փոշիացնելով և քանդելով:
Մշակույթի նախարարության գործառույթներն ու մոտեցումներն է պետք փոխել, ոչ թե փակել:
Սփյուռքի նախարարության մասով էլ՝ այն պետք է դառնար հզորագույն ցանց, որը կկապեր աշխարհի բոլոր հայկական համայնքներն իրար, որոնք էլ փոխհամաձայնեցված կսկսեին զբաղվել տարբեր հարցեր լոբբինգ անելով ու ինչ-որ մի օր Հայաստանն ու հայերը կկարողանային նաև գլոբալ հարցերի վրա ազդեցություն ունենալ:
Փոխարենը փակում ենք, մսխում ենք ամեն ինչ, որ ունենք ու զարգացնելով կարող ենք իրոք ազդեցիկ ուժ դառնալ, բայց երևի ոչ ոքի պետք չի ուժեղ պետության, ուժեղ ազգի ներկայացուցիչ լինել, կարևորը հպարտ լինելն է: Սին հպարտություն, որը հիմնված է բացառապես ոչինչ չանելու ու դատարկ պոռոտախության վրա:
Ցավոք, պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել: Ինչո՞ւ եմ գրում մեզ, որովհետև ինչքան էլ իմ մոտեցումները խիստ տարբեր են հպարտ, սև, սպիտակ և այլն համարվողների մոտեցումներից, ես բոլորին շարունակում եմ մեկ ազգ դիտարկել, որի ներկայացուցիչն էլ ինձ համարում եմ: