2012 թվականին ՏՄՊՊՀ-ն բացահայտել էր, որ երշիկների արտադրական պրոցեսում՝ քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով, օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ըստ հանձնաժողովի՝ երշիկի արտադրության ընթացքում օգտագործվել է սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ:
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, համացանցում երշիկների վտանգավորության մասին լուրեր տարածվեցին:
Analitik.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ սոցցանցերում տարածվող տեղեկությունը շատ հին էր. «Դրանք 2012 թվականի ուսումնասիրություններն էին և այդ հետազոտություններից հետո ավելի քան 7-8 հետազոտություն է արվել: Կային արտադրողներ, որոնք հիմա չկան և կան խաղացողներ, որոնք այն ժամանակ չկային: Իսկ թե ինչպիսի՞ն է վիճակն այսօր, անկախ նրանից նյութը հին է, թե նոր, նման ուսումնասիրություններից հետո այս հարցը բնականաբար առաջանում է»:
Պիպոյանը նշեց նաև, որ վերջին ուսումնասիրության արդյունքում, որը պետական և հանրային մակարդակով է իրականացվել, ավելի շատ մանրէաբանական խնդիրներ է հայտնաբերել, քան կեղծումների. «Այդուհանդերձ, կեղծման դեպքեր եղել են, բայց ըստ պաշտոնական տեղեկատվության՝ թերությունները վերացվել են: Բնականաբար, ինքս ավելի թարմ տեղեկության չեմ տիրապետում: Ոչ կարող եմ բացառել այն, որ հնարավոր է նմանատիպ խնդիր լինի շուկայում, ոչ էլ կհաստատեմ, բայց կարծում եմ, որ բացի ավելորդ խուճապը, այս պահին պետք է ավելի շատ զգոնութան կոչ անել ապրանքների պահպանման ժամկետների հետ կապված:
Թե՛ հանրային և թե՛ վերահսկողության արդյունքում պարբերաբար խնդիրներ արձանագրվում են, բայց դա գլոբալ տարածել երշիկների վրա սխալ կլինի: Միանշանակ կան արտադրանքներ, որոնք կարելի է հանել, բայց միջին վիճակագրական տվյալներով, համեմատության մեջ շատ քիչ են հանդիպում, և բնականաբար, կան նաև արտադրողներ, որոնց մոտ ավելի շատ են հայտնաբերվում, բայց այդ ռեյտինգավորումը, գովազդն ու հակագովազդը մեր գործառույթը չէ»:
Հարցին, թե ինչո՞վ է պայամանվորված այն, որ Ամանորի շեմին մի քանի տարվա վաղեմության նյութ են փորձում տարածել, և արդյո՞ք դա կարող է տեղական արտադրողին վնասելու նպատակ ունենալ, Պիպոյանն ասաց, որ չի բացառվում տեխնիկական խոտանը. «Չի բացառվում նաև իրականում տեխնիկական խոտանի հետ գործ ունենալու միտումը, ավելին՝ իրավունք էլ չունենք բացառելու, որովհետև 2-ն էլ հնարավոր է: Կա անմեղության կանխավարկած, որովհետև շատ ենք տեսել նման դեպքեր, երբ հին նյութը նոր շնչով պտտել են համացանցում և չի բացառվում, որ այս կամ այն ընկերությանը վնասելու միտում լինի»:
Օֆելի Իսրայելյան