Կառավարության կառուցվածքում փոփոխություններից հետո, ինչպես արդեն հայտնի է, 17-ի փոխարեն լինելու է 12 նախարարություն: 12 նախարարներից կեսից ավելին արդեն, կարելի է ասել, հայտնի են:
Օրեր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ է Պաշտպանության նախարարի և ԱԳ նախարարի աշխատանքից: Կարել է ենթադրել, որ Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվելու են իրենց պաշտոններում, քանի որ նրանք որևէ կերպ չեն խոսել հնարավոր հեռանալու մասին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Նիկոլ Փաշինյանի մտերիմ թիմակից Սուրեն Պապիկյանն է: Նա խորհրդարան գնալու ցանկության մասին չի բարձրաձայնել: Օրեր առաջ մամուլը գրել էր, որ այս նախարարությունը կարող է միանալ ԱԻՆ-ի հետ, և Փաշինյանը ստիպված կլինի ընտրություն կատարել Պապիկյանի և ՀՀԿ խմբակցոթյան նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի միջև: Հաշվի առնելով այն, որ երկու նախարարություններն էլ պահպանվել են, կարելի է փաստել, որ դրանց հարցերն էլ է փակ:
Փակ կարելի է համարել նաև նոր ստեղծվելիք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցը: Սուպերնախարար դառնալու է Արայիկ Հարությունյանը:
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս վերանշանակվելոու է իր պաշտոնում: Զեյնալյանը պաշտոնից չհեռացավ նույնիսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դրանց մասնակցելով հարազատ Հանրապետություն կուսակցության հետ: Չի կարելի բացառել, որ կողմերի միջև որոշ պայմանավորվածություն կա, սակայն այս հարցը բաց է:
Ինչ վերաբերում է նոր ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությանը, ապա այստեղ չի բացառվում, որ նշանակվի Հակոբ Արշակյանը, ով անցած շաբաթ Իմ քայլը դաշինքի նախաձեռնող խմբի նիստից հետո հայտարարեց, որ իրեն տեսնում է գործադիրում:
Գրեթե կասկած չկա որ վերանշանակվելու է նաև Առողջապահության նախարարը, ով թերևս ամենահեղափոխական նախարարն է կառավարությունում:
Բաց են մնում Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բնապահպանության, Տնտեսական զարգացման և գյուղատնտեսության, Ֆինանսների նախարարությունների հարցերը: