Բարի օր Հասարակություն 

Թիրախավորվում է հայրենասիրական դաստիարակությունը. Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան

analitik.am

Երևանի ավագանու Իմ քայլը դաշինքի անդամ Գրիգորի Երիցյանը վիրավորական է համարում այն, որ հանրության դատին ներկայացվում է նախորդ իշխանությունների ժամանակ մշակված ծրագիրը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում Երևանի զարգացման 2019-23 թվականների 5-ամյա ծրագրի հաստատման մասին հարցի քննարկման ժամանակ Երիցյանը հայտարարեց, որ ներկայացված փաստաթղթում ոչ Երևան է տեսել, ոչ զարգացում, ոչ տեսլական:

Երիցյանի խոսքերով, նախորդ իշխանությունների ներկայացրած փաստաթղթում երիտասարդության ոլորտում գերակայություն է համարվում հայրենասիրական կրթությունը. «Ինձ  մոտ տպավորություն է, որ ցանկացած ձախողված ծրագիր, որն ուզում ենք անցկացնել, փաթեթավորում ենք հայրենսիրական ոգով և դրան արժեք ենք տալիս: Այնինչ 10 տեղ աշխատող երիտասարդը, ով մտածում է ուսման վարձը տալու և ընտանիքին օգնելու մասին , հաստատ քաղաքապետերանից չի ակնկալում հայրենասիրական կրթություն»:

Երիցյանը խոսքի վերջում նշեց, որ դեմ է քվեարկելու ծրագրին:

ԲՀԿ-ական Արման Աբովյանը, արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը, նշեց, որ արդեն երկրորդ անգամ է ավագանու նիստի ժամանակ թիրախավորվում հայրենասիրական կամ ռազմահայրենասիրական դաստիարակությունը. «Հատո՞ւկ եք անում: Ի՞նչը ձեզ դուր չի գալիս: Ի՞նչ կապ ունի հայրենասիրական դաստիարակությունը ծրագրի հետ, դրանք չեն խանգարում իրար: Եթե ինչ-որ հարց կա, շրջանակները բացեք: 10 տեղ աշխատողի վարձը կապ չունի հայրենասիրական դաստիարակության հետ»:

Նիկոլ Փաշինյանի թիմակից Երիցյանը, արձագանքելով ասվածին, հայտարարեց, եթե երիտասարդին առաջարկելու ծրագիր չկա ու առաջարկվում է հայրենասիրական դաստիարակություն, դա նրան պետք չէ:

«Դուք չեք որոշելու, թե ինչ է պետք երիտասարդին»,-ասաց Աբովյանը:

 

Նույն շարքից