Գլխավոր Հասարակություն 

Ես նման բան չեմ ասել. Հայկ Մարությանը հերքո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի ասածը

analitik.am

Երևանի ագավանու նիստում քննարկվում է մայրաքաղաքում տրանսպորտային նոր ցանցի հարցը: Քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ ավագանու ԼՈւՅՍ դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի հետ զրույցում հայտարարեց, որ տրանսպորտի հարցը Երևանում լուծվելու է երկու տարվա մեջ՝ պատասխանելով Խաժակյանի հարցին, թե հարցը 2 տարով հետաձգվում է:

«2 տարի հետաձգման մասին խոսք երբևիցե չի եղել, խոսվել է այն մասին, որ կլինի երկու տարվա ընթացքում»,-ասաց Մարությանը:

«Ոչ, ասել եք՝ առնվազն երկու տարի»,-արձագանքեց Խաժակյանը:

Մարությանը նշեց, որ եթե այսօր սկսվեն քայլերը, երկու տարուց հետո տրանսպորտը կսկսի աշխատել:

«Պարոն Մարության, վարչապետին Դուք եք ասել 2-4 տարի»,-հիշեցրեց ԼՈւՅՍ դաշինքի անդամը:

«Դուք ի՞նչ գիտեք, թե ես ինչ եմ ասել: Լսե՞լ եք վարչապետի հետ մեր խոսակցությունը: Դուք մի կողմի ձայնագրություն եք լսել»,-հայտարարեց Մարությանը:

Խաժակյանի արձագանքին, թե վարչապետի ասածը հերքվում է, Մարությանը հայտարարեց, որ չի հերքում. «Դուք չեք լսել իմ ասածը, անցնենք առաջ»:

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթուղային ավտոբուսում քաղաքացիների հետ զրույցի ժամանակ զանգահարել էր քաղաքապետ Հայկ Մարությանին: Մարությանի հետ զրույցի ընթացքում վարչապետի արձագանքից հասկացվել էր, որ Հայկ Մարությանը 2-4 տարի ժամկետ է ասել տրանսպորտի հարցը լուծելու համար:

Նույն շարքից