Կա նորմալ քննարկում, բանավեճ, որոնք տեղի են ունենում ոչ միայն այս սրահում, այլ նաև հանձնաժողովների նիստերի ժամանակ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով այսօրվա ավագանու նիստի մասին, որտեղ կրքերը պարբերաբար բորբոքվում են և ավագանու անդամները սկսում են լեզվակռիվ իրար հետ:
Ինչ վերաբերում է հարցին, թե նորմալ է արդյո՞ք, որ ավագանու անդամն ավագանու մեկ այլ անդամին «ծիտ» է անվանում, Մարությանը նշեց, որ նման բան չի լսել, բայց եթե լսի, կկարողանա պատասխանել. «Ամեն դեպքում պետք է խոսելիս հարգանքով մոտենալ դիմացինին»:
Քաղաքապետը խոսեց նաև այն մասին, որ նիստի ժամանակ, նախորդ ավագանու օրինակով որոշ անդամներ ռեպլիկներ են թույլ տալիս իրենց ընդդիմադիրների խոսելու ժամանակ: Մարությանը մասնավորապես ասաց, որ յուրաքանչյուր նման դրսևորում ինքը դատապարտում է. «Ես միշտ կարգի եմ հրավիրում: Եթե նկատել եք, միշտ անում եմ դա: Ասեմ ավելին՝ մեր խմբակցության անդամներին ավելի շատ եմ նկատողություն անում»: