Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կփոխարինի Սասուն Միքայելյանին. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը:

Բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ ժամկետների հետ կապված դեռևս որոշակիություն չկա:

Մեր աղբյուրները նաև պնդում են, որ համաժողովից հետո կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին:

Այդպիսով, ըստ էության, պաշտոնապես կամրագրվի Փաշինյանի՝ կուսակցության իրական ղեկավար լինելու փաստը: Հիշեցնենք, որ հիմա ՔՊ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ է: ՔՊԿ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը նշեց, որ «տեսականորեն դա հնարավոր է», սակայն այս պահին դեռևս այդ թեմայով որևէ քննարկում չի եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից