Երբ անվանի տնտեսագետները վերլուծում են Հայաստանի տնտեության վիճակը հենվելով պաշտոնական թվերի վրա, բայց ինձ համար անհասկանալի պատճառներով ուշադրություն չեն դարձնում մի քանի կարեւորագույն, չափազանց կարեւոր, ես կասեի առանցքային նշանակություն ունեցող ցուցանիշների ու երեւույթների վրա, ես մեղմ ասած տարակուսում եմ:
Օրինակ երբ նրանք ասում են, որ տնտեսական աճը անցած տարի եղել է 7.2 տոկոս, իսկ այս տարի կլինի 5 տոկոս եւ դա ահավոր վատ է, սարսափելի է, կործանարար է... ու միաժամանակ չեն «նկատում», թե ինչ է տեղի ունեցել պետական պարտքի հետ, չգիտեմ ինչ մտածեմ: Իսկ տեղի է ունեցել հետեւյալը: Ինչպես պարզ երեւում է կցված գծապատկերից, 2017 թվականին, երբ գրանցվեց 7.2 տոկոս աճ, մեր պետական պարտքը աճել էր 832 միլիոն դոլարով: 832 միլիոն դոլար՝ Կառլ: 2018 թվականին, երբ կգրանցվի «սարսափելի», «աղետալի», «կործանարար» աճ 5 տոկոսի չափով մեր պետական պարտքը աճած կլինի... աճած չի լինի: Համենայն դեպս 2018 թվականի առաջին 10 ամսում մեր պետական պարտքը ոչ միայն չի աճել, այլ նույնիսկ նվազել է: Այսինքն մի միլիարդ դոլարից մի քիչ պակաս պարտք վերցնելով ստացել են 7.2 տոկոս աճ ու դա վատ չէ, բայց առանց պարտք վերցնելու 5 տոկոս աճ ունենալը աղետալի է:
Եթե գործող կառավարությունն էլ մի միլիարդին մոտ պարտք վերցներ, դա բաժաներ մարդկանց ու նրանք էդ փողով գնային ու այդ ամբողջ գումարի թթվասեր առնեին, մեր ՀՆԱ-ն միայն դրա հաշվին կաճեր մոտ 10 տոկոսով, էն 5 տոկոսն էլ հետը 15 տոկոս տնտեսական աճ կունենայինք այս տարի: Բայց էդ պարտքը մեր երեխաները պետք է փակեին տոկոսներով: Ու այս գծապատկերից երեւում է թե ոնց է աճել մեր պետական պարտքը 2015. 2016. 2017 թվականներին:
Այ էսպես, մանրից պարտքը վերցրել են ու տնտեսական աճ են ստացել ու էդ պարտքը փակելը դրել մեր սերունդների ուսերին: Ու անվանի տնտեսագետները սա չեն էլ ուզում նկատել: Կամ երբ անվանի տնտեսագետները ասում են էս տարի տնտեսական աճի տեմպը նվազել է ու դարձել 5 տոկոս, բայց չեն «հիշում» թե ինչ եղավ այլ երկրներում հեղափոխություններից հետո, էլի չգիտեմ թե ինչ մտածեմ: Երեւի մտածեմ, որ պատահական է ստացվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է տնտեսագետ Հայկ Գևորգյանը, ով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներկայացված է լինելու Ազգային ժողովում: