Հասարակություն գլխավոր 

Փաշինյանը ժողովրդի մարդն է, պարտավոր է ժողովրդի մասին մտածել, բայց մեզ բանի տեղ չեն դնում. Ակցիա՝ կառավարության մոտ

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց խաբված են զգում Հյուսիսային պողոտայի կառուցման արդյունքում: Քաղաքացիների խոսքերով, իրենց հայտարարվածից քիչ փոխհատուցում են տվել, ինչի արդյունքում իրենք նաև զրկվել են իրենց բնակարաններից, որոնք եղել են Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ:

Ակցիայի մասնակից կանանցից մեկը հայտարարեց, որ պողոտայի կառուցման ժամանակ քանդել են իր բնակարանը, որը պատմական հուշարձան է եղել, Զախարյանը հայտարարել է, որ իրենց քառակուսիմետրի համար 1000 դոլար են տվել, սակայն իրականությունն այն է, որ 230-270 դոլար փոխհատուցում է տրվել: Կնոջ համար անհասկանալի է, թե ինչու այսօրվա իշխանությունները պատասխանատվության չեն կանչում Քոչարյանին, Զախարյանին և Նարեկ Սարգսյանին. «Ինչու ես հիմա պետք է քաղաքի կենտրոնում չապրեմ, որտեղ 3 հարկանի տուն ունեի: Իսկ հիմա իմ երեխաներից մեկը տուն չունի, մյուս երեխաս էլ 9-րդ Մասիվում է ապրում: Մեր տների տարածքն էլ վաճառում են 4000 դոլարով: Վարչապետը մեզ խոստումներ էր տալիս, որ լավ կլինի, ինչու չի անում»:

Ակցիայի մասնակից մեկ այլ կին էլ հայտարարեց, որ այսօրվա իշխանություններն իրենց բանի տեղ չեն դնում. «Մենք շատ ուրախ ենք, որ նախկինների երեսը չենք տեսնում, որ ռևոլուցիա է եղավ: Բայց Փաշինյանը ժողովրդի ընտրյալն է, պարտավոր է ժողովրդի մասին մտածել: Մեծ կանայք ենք, ամաչում ենք արդեն, որ փողոցում կանգնում գոռում ենք: Սակայն ոչ նրանք, ոչ էլ սրանք մեզ բանի տեղ չեն դնում: 6 դիմում ենք գրել՝ 1-ը Փաշինյանին, 5-ն էլ քաղաքապետարան, 6-ն էլ մերժվել են»:

 

Նույն շարքից