Գլխավոր Տնտեսություն 

ՊԵԿ-ն անում է առաջին քայլը՝ ազնվություն ակնկալելով շոու բիզնեսի ներկայացուցիչներից. Դավիթ Անանյան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով շոու բիզնեսի  ներկայացուցիչների եկամուտների ներկայացման, հարկելու ու վերջիններիս բողոքների մասին, նշեց, որ ինքը հանգիստ է վերաբերում շոու բիզնեսի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իրենք կարող են թաքցնել իրենց եկամուտները և հնարավոր չէ վերահսկել դա. «Իհարկե կարող են թաքցնել: Մենք ասում ենք՝ հայտարարագրեք ձեր եկամուտները: Եթե մարդիկ միանգամից մտածում են, որ չենք կարող վերահսկել, ապա ասեմ, որ, այո, չենք կարող, բայց չէ որ իրենք կարող են: Եթե ուզում են խաբեն, թող խաբեն»:

ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք իրենց միջոցներով փորձելու են ճշտել՝ արդյո՞ք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե՝ ոչ:

Անանյանի խոսքերով, իրենք ազնվություն են ակնկալում շոու բիզնեսի ներկայացուցիչներից. «Եթե մեկ միլիոն եկամուտ է ստացել, այդքան էլ պետք է հայտարարագրի»:

Հարցին, թե երբվանից է պետությունը հույս դնում քաղաքացիների ազնվության վրա, Անանյանը հայտարարեց, որ հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու հիմքում պետք է լինի փոխադարձ վստահությունը. «Եթե հիմա մենք չենք ուզում փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել, դա ուրիշ բան: Հիմա մենք՝ որպես ՊԵԿ, անում ենք նման մթնոլորտ ձևավորելու առաջին քայլը: Իսկ եթե պատասխան քայլը չլինի, մենք մեր վարչարարական գործիքների ամբողջական ծավալով մեր գործը կանենք»:

ՊԵԿ նախագահը նշեց, թե կառույցը տիրապետում է տեղեկատվության, թե օրինակ որքան գումար են ստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները հարսանիքներում երգելու համար. «Հիշեցնեմ նաև, որ ՊԵԿ-ը իրավապահ մարմին է և ունի իր բավականին շատ ծառայությունները, որոնք իրենց գործն անում են»:

Նույն շարքից