Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճում է: Այս դինամիկան պետք է պահպանել նաև մյուս ուղղություններում: Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ: Դրանք իրոք դաշնակցային հարաբերություններ են՝ բավականին լուրջ բովանդակությամբ,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջին տեղում է Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերություններում, և 2017 թվականին առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով»:
«Այս տարվա 10 ամիսների ընթացքում այն ավելացել է ևս 17,5 տոկոսով: Դինամիկան լավ է, պետք է պահպանել այն»,-նշել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է անել հնարավորը Երևանի հետ հարաբերությունների մակարդակը պահպանելու համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական ոլորտին, այլ նաև մյուս ուղղություններին, մասնավորապես՝ անվտանգային ոլորտին:
«Մի խոսքով, մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը ընդգծել է, որ սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո. «Ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել բոլոր ծրագրերի իրագործման հարցում, որոնք ուղղված են Հայաստանի և հայ ժողովրդի բարգավաճմանը»: