Հասարակություն 

Թող փողոցում քայլելն ու ցայտաղբյուրից ջուր խմելն էլ վճարովի լինի․ Ծնողները՝ մանկապարտեզները վճարովի դարձնելու մասին

analitik.am

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին չի կարող ասել մանկապարտեզը կմնա անվճար, թե չէ, քանի որ այսօրվա վճարման հիմունքները համարում է այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Սարգսյանի խոսքերով, անվճարը ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետև այնուամենայնիվ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները և դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտն իրեն դրսևորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաև վերանայել:

Analitik.am-ի հետ զրույցում Ներքին Չարբախի 3-րդ փողոցում գտնվող թիվ 130 մանկապարտեզ այցելող երեխաների ծնողներն ասացին, որ դա ոչ պրոֆեսիոնալ որոշում է:

Ծնողներից մեկը, տիկին Նարինեն նշեց որ, պայմաններն ավելի բարելավելու փոխարեն հիմքից փոփոխություններ են անում. «Չեմ հասկանում, մենք հեղափոխություն ենք արել, որ վիճակն ավելի վատանա ու անկայուն լինի, թե՞ որ մարդիկ վերջապես մարդավարի ապրեն: Ինչի՞ հաշվի չեն առնում այն փաստը, որ ծնող կա իր երեխային մակապարտեզ է տանում, որպեսզի կարողանա աշխատել և ընտանիքը պահել։ Հիմա ցանկանում են մակապարտեզները վճարովի դարձնե՞լ, հիանալի է, թող փողոցում քայլելն ու ցայտաղբյուրից ջուր խմելն էլ վճարովի լինի, ի՞նչ կլինի որ»:

Նա նաև նշեց, որ հիասթափված է նոր իշխանությունից. «Չեմ հասկանում այս ի՞նչ նոր կադրերի անփորձ որոշումներ են: Հասկանում եմ, որ դեռ նոր կադրեր են, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիների ներվերի հաշվին պետք է փորձառու դառնան»:

Մեզ հետ զրույցում մեկ այլ ծնող, տիկին Հասմիկն ասաց, որ մանկապարտեզների բարվոք վիճակը կայունացնելու փոխարեն անիմաստ որոշումներ են ուզում ընդունել. «Գոնե մակապարտեզների գույքին ուշադրություն դարձնեն, մտածում են ինչ անեն, որ քաղաքացիներից գումար պոկեն: Նախորդ իշխանության ժամանակ չեմ ասում, որ լավ էր, բայց նրանք կարողանում էին խելացի որոշումներ կայացնել: Ինքս հեղափոխության ակտիվ մասնակից եմ, բայց սկսում եմ փոշմանել այդ փաստի համար: Շատ սպասելիքներ ու հույսեր ունեինք, բայց ինչպես հասկանում եմ ապարդյուն»:

Նույն շարքից