Բարի օր Հասարակություն 

Որտեղ և ում հետ են Նոր տարին դիմավորելու ԱԺ պատգամավորները

analitik.am

Որտեղ են Ամանորը դիմավորելու ՀՀ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները և ում հետ: Պարզվում է, որ խորհրդարանի ներկա ու նախկին պատգամավորները նախընտրում են Ամանորը  դիմավորել Հայաստանում, ընտանիքի անդամների հետ:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ Վանաձորում:

Ինչ վերաբերում է ԵԼՔ խմբակցությունում Մարուքյանի նախկին գործընկեր Ալեն Սիմոնյանին, ով նորընտիր խորհրդարանում զբաղեցնելու է փոխնախագահի պաշտոնը, ապա նա ևս որոշել է Նոր տարին դիմավորել ընտանեկան միջավայրում, Հայաստանում:

Հայաստանում և ընտանիքի հետ Ամանորը նշելու է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Պետրոսյանի դուստրը երգչուհի է: Պատգամավորը պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակում՝ ներկայացնելով  տաղանդավոր դստերը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս Ամանորը տոնելու է Հայաստանից դուրս: Նրա խոսքերով, Հայաստանում խայտառակ գներ են, սակայն Հայաստանից դուրս Նոր տարին դիմավորելը դրանով պայմանավորված չէ. «Եթե նույնիսկ գումար էլ ունենամ, որպես բողոքի ձև, չեմ վճարի ծաղկաձորյան, դիլիջանյան խայտառակ գները: Որպես սոցիալական բողոք՝ բոլորին էլ կոչ կանեմ, որ այդ խայտառակ գները չվճարեն: Մինչև 2014 թվականը Նոր տարին միշտ դիմավորել ենք Երևանում՝ տանը, բայց ամուսնուս մահվանից հետո չեմ կարողանում Նոր տարվա օրերին մնալ այստեղ, և ընտանիքիս անդամների հետ վերջին մի քանի տարին Հայաստանից դուրս ենք դիմավորում: Այս տարի նույնպես բացառություն չէ: Քանի որ ծովն ինձ համար լիարժեք հանգստի տաբերակ է, 6-օրյա ժամկետով մեկնելու ենք Եգիպտոս: Ինձ համար իսկապես բավականին ծանր տարի էր, կարծում եմ այդ օրերը բավարար կլինեն նոր խորհրդարանից առաջ ուժերս վերականգնելու համար»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում. «Ամանորը մեծ ընտանիքիս հետ միասին դիմավորելու եմ Երևանում՝ հայրական տանը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից