Դաշնային կառավարության աշխատանքների մասնակի դադարեցումն ԱՄՆ-ում կշարունակվի «այնքան, ինչքան պետք է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ Տանը կայացած նիստի ժամանակ իր ելույթում: Տեղեկացնում են Սպիտակ Տան մամուլի կենտրոնի լրագրողները:
Պատասխանելով այն հարցին, թե ինչքան է դեռ տևելու կառավարության աշխատանքների դադարը, Թրամփը պատասխանել է. «Այնքան, ինչքան պետք կլինի»: Նա նաև նշել է, որ կառավարության աշխատանքը կարող է կանգնած մնալ դեռ երկար ժամանակ:
Նշենք, որ 2018-ի դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված է՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով: ԱՄՆ օրենսդիրները դեռևս չեն կարողանում հաստատել 2019 ֆինանսական տարվա բյուջեն: Բյուջեի հաստատման գործընթացը սկսվել էր 2018-ի հոկտեմբերի 1-ից: Այն պետք է ընդունվեր մինչև դեկտեմբերի 21-ը, սակայն Կոնգրեսի երկու պալատներն էլ ավարտեցին իրենց նիստերն այդպես էլ որևէ կոմպրոմիսային որոշում չընդունելով, որը հնարավորություն կտար ժամանակավորապես խուսափել որոշ դաշնային կառույցների փակումից: Առանց ֆինանսավորման են մնացել գրեթե կառավարության 1/4-ը՝մասնավորապես Պետքարտուղարությունը, ֆինանսների, առևտրի, ներքին անվտանգության նախարարությունները: Մյուս պետական կառույցների համար Կոնգրեսն ավելի վաղ հասցրել էր միջոցներ տրամադրելու մասին որոշում ընդունել: