Քաղաքական 

Սենատը հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի՝ ձեռքբերումներն ամրագրելու համար:

«Այս տարվա ապրիլին և մայիսին հարյուր հազարավոր հայեր խաղաղ ցույցի էին դուրս եկել՝ իրենց կառավարությանը հաշվետու դարձնելու համար։ Շատերի նման ես էլ սրտի թրթիռով էի հետևում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Սակայն Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու՝ վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար»,- ասել էր նա։

Խոսելով իր առաջիկա ծրագրերի ու գերակայությունների մասին՝ Լինն Թրեյսին խոստացել էր շարունակել իր նախորդի՝ դեսպան Ռիչարդ Միլզի առաքելությունը և սատարել հայ ժողովրդին ժողովդրավարական նկրտումների, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ու անկախ դատական համակարգի կայացման հարցում. - «Մեր քաղաքականության նպատակն է տեսնել անկախ, ժողովրդավար ու բարգավաճ հայաստան, որը խաղաղության մեջ է հարևանների հետ և ինքնիշխան իր գործընկերներին ազատորեն ընտրելու հարցում»:

Ապագա գերակայությունների շարքում դեսպանը հատուկ առանձնացրել էր նաև ղարաբաղյան խնդիրը՝ ընդգծելով՝ հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական նշանակություն ունի Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի առավել անվտանգ ու ապահով ապագայի համար:

«Եթե հաստատվեմ դեսպանի պաշտոնում, ես կսատարեմ այս նպատակին հասնելու՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ջանքերին»,- ասել էր Թրեյսին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու 1915 թվականի դեպքերին՝ դիվանագետը խուսափել էր «genocide» բառից՝ կրկնելով վերջին տարիներին Ամերիկայի առաջնորդների կողմից գործածվող «սարսափելի իրադարձություններ», «Մեծ Եղեռն», «1.5 միլիոն հայերի տեղահանում և ջարդ» արտահայտությունները:

«Ինչպես նախագահ Թրամփն էր հայտարարել հայերի հիշատակի օրը՝ այդօրինակ կոտորածները չպետք է կրկնվեն: Եթե հաստատվեմ դեսպանի պաշտոնում, խոստանում եմ անել իմ ուժերից եկած ամեն բան՝ հիշելու զոհերին և քաջալերելու Հայաստանին ու Թուրքիային՝ անցյալը ճանաչելու և դրա հետ հաշտվելու հարցում»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը 2017-ին Պետդեպարտամենտի կողմից բարձր պարգևի էր արժանացել Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավարի պաշտոնում կատարած իր անձնուրաց աշխատանքի համար:

Ազատություն

 

Նույն շարքից