Մոսկվայում, առևտրի կենտրոններից մեկում բացվել է ռուսական «Leaders» ընկերության տաղավարը, որտեղ վաճառվում են տղամարդու «Number one» և կանացի «Russian woman» բույրերը, իսկ օծանելիքի շշերի վրա պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կիսադեմը և Ռուսաստանի զինանշանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կրեմլում հաղորդել են, որ չեն համաձայնել կոմերցիոն նպատակներով Վլադիմիր Պուտինի անունն օգտագործելու համար․ «Ոչ, ոչ ոք չի հաստատել»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Իսկ առևտրի կենտրոնի վաճառող-խորհրդատուն պատմել է, որ դա բույրի սահմանափակ արտադրությունն է: Ըստ նրա՝ բույրերով հետաքրքրվում են և գնում դրանք: Տղամարդու բույրը համեմված է փայտային և ցիտրուսային նոտաներով, իսկ կանացին՝ փայտային և ծաղկային:
Նշվում է նաև, որ 19 հազար ռուբլիով հնարավոր է ձեռքբերել օծանելիքի 100մլ տարողությամբ շիշը փայտե նվեր տուփով, իսկ սովորական շշի արժեքը 10 հազար ռուբլի է:
