Հայաստան 

«Спасибо, я на армянском буду выступать». Նիկոլ Փաշինյան

analitik.am

Նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, հայրենակիցների հետ կապերի և Եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում ընդունվեց համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ կողմերը մասնավորապես նշել են Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու` Հայաստանի որոշման կարևորությունը: Վերջիններս նշել են, որ հատուկ պատասխանատվություն են կրում իրենց երկրների քաղաքացիներին Մաքսային միության ընդլայնման նշանակությունը ներկայացնելու հարցում:

Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ և ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահներն ու անդամները: Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա, անդրադառնալով ռուս պատգամավորներից մեկի հնչեցրած այն տեսակետին, որ ռուսաց լեզուն Հայաստանում երկրորդական նշանակություն ունի, ասաց.

«Ռուս պատգամավորների այն համոզմունքը, որ Հայաստանում ռուսերենը երկրորդական նշանակություն ունի, և ընդհանրապես, Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին շեշտադրումներն ինձ համար տարակուսելի են: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ Հայաստանում խորը և մեծ հարգանք կա ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի նկատմամբ: Բայց այստեղ արվեց շեշտադրում, որը տարակուսանքի տեղիք է տալիս: Ակնարկվեց, որ Հայաստանում ռուսերենը պետական կամ հատուկ կարգավիճակ չունի: Պետք է նշել, որ հատուկ կարգավիճակ ՀՀ-ում չունեն ինչպես անգլերենը, այնպես էլ ֆրանսերենը, գերմաներենը և մի շարք այլ լեզուներ: Եթե նման շեշտադրումներ եք անում, թե ռուսաց լեզվին Հայաստանում պետք է հատուկ կարգավիճակ տրվի, ապա դա էականորեն կնվազեցնի Մաքսային Միության իմիջը Հայաստանի քաղաքացիների աչքում»:

Նշենք, նաև, որ համատեղ հայտարարությանը, դեմ են ստորագրել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:

Նույն շարքից