Հայաստան 

Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

analitik.am

Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործաընկերների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՊՄՀ-ում դասախոսության ընթացքում:

Շարմազանովը այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդես եկավ «Հայաստանը և աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Դասախոսության ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահն առանձնացրել է դրա քաղաքական, տնտեսական, ռազմավարական և մշակութային բաղադրիչները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, և երկկողմ հարաբերությունները շարունակում են սերտանալ բոլոր ուղղություններով:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի մերձեցմանը: Այս համատեքստում նա հատկապես կարևորեց ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի պետական մարմիններում բարեփոխումների կուրսի անցկացումը: Նա նշել է, որ Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը՝ նշելով, որ բանակցությունների վերսկսումն ինքնին դրական երևույթ է: Նրա համոզմամբ՝ ԼՂ բանակցություններում լուրջ շրջադարձ կարող է լինել միայն այն դեպքում, երբ ԼՂՀ-ը դառնա բանակցությունների լիարժեք կողմ: ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունեն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի վերաբացումը ԼՂ հակամարտության կարգավորման հետ շաղկապելը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի բնորոշմամբ՝ Հայաստանի և Սփյուռքի հետ Թուրքիայի պատմական հարցերի կարգավորմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և նրա եղելությունը քննարկման առարկա դառնալ չի կարող:

Նույն շարքից