Բարի օր Հասարակություն 

Ով է Արցախի մասին կեղծ լուր տարածող սկզբնաղբյուրը և ինչ քայլեր են ձեռնարկում Արցախում նրան հայտնաբերելու համար

analitik.am

Հունվարի 6-ին համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իբր Արցախում ծեծի է ենթարկվել ոմն Ջեյմ Մարկոսյան, ով ֆրանսիահայ է: Տեղեկության մեջ նաև նշվում էր, որ վերջինս սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է: Այս ինֆորմացիան նույնիսկ հասցրեցին վերահրապարակել մի քանի առաջադեմ լրատվամիջոցներ, որոնք ավելի ուշ դրանք հեռացրեցին:

Հարկ է նշել, որ լուրը տարածվելուց հետո այն հերքող հայտարարությամբ հանդես եկան Արցախի իշխանությունները՝ հայտնելով, որ նման ահազանգ չի ստացվել: Ավելի ուշ էլ պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել այլ երկրում, տարիներ առաջ ու կապ չունի հայերի հետ, իսկ ծեծվողն էլ այլ ազգի ներկայացուցիչ է:

Իսկ ո՞վ էր լուրը տարածող սկզբնաղբյուրը:

Analitik.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը նախ ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանություն չի դիմել. «Բացի դա, բուժհաստատություններից էլ նման ահազանգ չի եղել: Եթե իրականում նման անձնավորություն կա ու նրան ծեծել են, եթե նույնիսկ նա չի դիմում ոստիկանություն, ապա բուժհաստատություն ներկայանալու դեպքում այնտեղից ահազանգ է լինում»:

Պարոն Հարությունյանի խոսքերով , Արցախի Հանրապետությունում նման անուն ազգանունով անձնավորություն չկա:

Ինչ վերաբերում է սկզբնաղբյուրին, Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր լուր մանրակրկիտ ստուգման է ենթարկվում. «Իսկ թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում լուրը տարածողին հայտնաբերելու ուղղությամբ, չենք կարող ասել: Միայն կասեմ, որ այդ լուրը տարածվելուց հետո Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է սկսել տվյալ տեղեկատվության իսկությունը պարզելու ուղղությամբ»:

 

Նույն շարքից