Հասարակություն գլխավոր 

Ինչպես սնվել տոներից հետո. Սննդաբանի խորհուրդները

Տոնական օրերից հետո անհրաժեշտ է  օրգանիզմը մաքրել տոքսիններից: Analitik.am-ի հետ զրույցում նշեց սննդագետ Դավիթ Պիպոյանը՝ հավելելով, որ տոնական օրերին կյանքի կանոնավոր ռիթմի խանգարումը է տեղի ունենում, ինչն իր հետ բերում է սննդային ռեժիմի խանգարման. «Օրվա ընթացքում շատ երկար ժամանակ սնվելը, անկանոն սննդային գրաֆիկին անցնելը բերում է նրան, որ օրգանիզմն արդեն չի կարողանում կողմնորոշվել, իսկ հետտոնական օրերին խանգարող հանգամանք է հանդիսանում նորմալ սննդային ռեժիմների անցնելը, որին իհարկե նպաստում է նաև աշխատանքային գրաֆիկը: Վաղվանից կսկսեն աշխատանքային օրերը և բնականաբար հնարավորություն չենք ունենա ամբողջ օրը գտնվել սեղանների կողքին»:

Պարոն Պիպոյանը նշեց նաև, որ բեռնաթափման հստակ կանոններից մեկը մեծ քանակությամբ հեղուկի ընդունումը. «Մասնավորապես առավոտյան արթնանալուն պես կարելի է գոլ հեղուկներ օգտագործել, դա կարող է լինել կանաչ թեյ, կամ պարզապես շատ թույլ կիտրոնաջուր ու տարբեր թուրմեր, որովհետև երբ առավոտյան տաք հեղուկ է մտնում օրգանիզմ, դա նպաստում է աղեստամոքսային տրակտը հին մնացորդներից ազատելուն»:

Ըստ սննդաբանի, կարևոր հանգամանք է նաև ալրային հիմքով մթերքներից ձերբազատվելը. «Որպեսզի ավելի հստակ լինի, մի կտոր հաց վերցրեք և գցեք ջրի մեջ ու տեսեք ինչ կոնսիստենցիա է ունենում, իսկ դա պայմանավորված է հացի մեջ պարունակող գլուտեինով: Բեռնաթափման ժամանակ կարևոր է հում բանջարեղենի օգտագործումը, և խստիվ հակացուցված է տանը մնացած թխվածքները, քաղցրավենիքները, ալկոհոլային խմիչքները, գազավորված ըմպելիքները: Հիշեք, որ ալկոհոլային խմիչքները դանդաղեցնում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը՝ օրգանիզմին թույլ չտալով ազատվել թույնից»:

Կարելի է նաև օգտագործել բնական հյութեր ու չրեր. «Բայց պետք է հիշել, որ դրանք ունեն բարձր գլիկենիկ ինդեքս և ցանկալի է օգտագործել փոքր քանակությամբ ու առավոտյան: Տոնական օրերին բավականին հագեցած ճարպաթթուներ ենք ստանում և այդ առումով շատ կարևոր է օրգանիզմին հանգիստ տալը: Մարդիկ մոռանում են, որ աղեստամոքսային տրակտը շատ կարևոր օրգան է, որն ունի մուտք ու ելք: Կան մարդիկ, ովքեր տոնական օրերին ցերեկվա ժամը 1-ից մինչև երեկոյան 11-ն անցկացնում են սեղանի կողքին, աղեստամոքսային տրակտին օրեր շարունակ հանգստանալու որևէ հնարավորություն չտալով՝ անընդհատ ուտում են: Ինչի՞ համար ենք ասում, որ պետք է օրական 3 անգամ սնվել և թողնել, որ կարողանա այն մաքրվել»:

Տարիներ շարունակ խոսվում էր այն մասին, որ ուտելու ընթացքում չի կարելի ջուր խմել, բայց սննդաբանի խոսքերով վերջին գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե օգտագործում ենք բանջարեղեն, անկախ նրանից դա հում վիճակում է թե՝ եփված, այդ ընթացքում ոչ միայն կարելի է, այլ նաև խրախուսվում է ջրի օգտագործումը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից