Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած սպանության կասկածյալ Նարեկ Գուրուրյանի հայտարարությունը, որով վերջինս երեկ դիմել էր հանրությանը՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին՝ նշելով, որ ինքը որևէ մեկին չի սպանել:
Այս պահին խուլիգանական գործողությունների և 23-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ, իսկ մեկը՝ Նարեկը, հետախուզման մեջ է:
Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Նարեկ Գուրուրյանի ուղերձը, հետախուզում իրականացնող իրավապահները մեկնել են վերջինիս հավանական գտնվելու վայրը: Համապատասխան տվյալները ոստիկանությանը փոխանցել են կասկածյալի հարազատները, սակայն մինչև այս պահը որևէ մեկը Գուրուրյանի անունից կապ չի հաստատել իրավապահների հետ:
Ղազախստանի ՆԳՆ-ում հավաստիացրել են, որ քննությունը լինելու է օբյեկտիվ՝ կոչ անելով Նարեկին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն: