Հայաստան 

Վերահսկիչ պալատի ամփոփ ծրագիրը

analitik.am

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում քննարկման դրեց Վերահսկիչ պալատի 2014 թվականի ծրագրերը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ ծրագիրը հանձնաժողովում քննարկվելուց հետո խմբակցությունների դատին կներկայացվի, որից հետո միայն լիագումար նիստում կհաստատվի: 

ՎՊ նախագահի խոսքով՝ առաջին անգամ ՎՊ-ն ներկայացնում է շատ ամփոփ ծրագիր. եթե առաջին տարիներին ներկայացնում էին մինչև 40 թեմա, հիմա ընտրել են իրենց կարծիքով բավական հետաքրքիր թեմաներ, որ նախատեսում են ԱԺ հավանությանն արժանանալուց հետո սկսել: 

Առաջին անգամ Վերահսկիչ պալատը նայելու է բյուջեի ապահովման մուտքերի գործընթացը: Ընտրել են մարզ, որտեղ ուզում են ամբողջությամբ բոլոր համայնքների պատկերը տալ, Երևանի քաղաքապետարանում վերահսկողության ծրագիր է լինելու՝ ուղղված ավտոճանապարհների, փողոցների, մայրուղիների կառուցմանը, հիմնանորոգմանը: Զաքարյանը չբացառեց նաև, որ օրենքով սահմանված կարգով նոր թեմա բացվի. խոսքը Մետրոպոլիտենի մասին է: 

Նախատեսվում է երկու վարկային ծրագիր՝ մոտ 30 մլն եվրո արժողությամբ. դա ևս կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, հիվանդանոցային յոթ շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաև առանձին մեծ ծրագիր՝ ԵՄ, եվրոպական բանկի աջակցությամբ՝ ուղղված Բագրատաշեն-Գոգավան սահմանային անցակետերի արդիականացմանը, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման աշխատանք, Առողջապահության նախարարության հետ՝ հատուկ խմբերում ընդգրկված անձանց դեղորայքի տրամադրման ծրագիր, Տրանսպորտի և կապի նախարարության հետ՝ ավտոճանապարհների հիմնանորոգման, ԱԳ նախարարության հետ՝ մոտ 3-4 դեսպանություններում կամ հյուպատոսություններում վերահսկողության անցկացում: ՊՆ հետ ևս ծրագրեր են նախատեսվում, որոնք կքննարկվեն փակ ռեժիմով:

Նույն շարքից