Հայաստան 

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ոչ մի տարաձայնություն չկա. Մեծ Բրիտանիայի դեսպան

analitik.am

Հայաստանում ՆԱՏՕ-ի բավականին շատ միջոցառումներ են անցկացվել, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների կարեւորությունը: Այս մասին այսօր «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. ՆԱՏՕ-ն՝ պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բրիտանական կառավարությունը սեփական դերն է խաղում Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հրաբերությունների զարգացման հարցում: «Մենք, այսպես կոչված, Հայաստանում ՆԱՏՕ-ի շատ համեստ դեսպանատունն ենք»,-հայտարարել է Էյվզը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում անցկացվել է «ՆԱՏՕ-ի շաբաթ», ինչպես նաեւ կայացել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյմս Ապպատուրայի հատուկ ներկայացուցչի այցը:

«Սակայն դեռ անելու շատ բան կա. շատերը դեռ հստակորեն չեն պատկերացնում սառը պատերազմից հետո աշխարհում ՆԱՏՕ-ի դերը, ինչպես նաեւ այն ներդրումը, որը կարող է ունենալ Հայաստանը: Կարծում եմ, որ շատերն են այն կարծիքի, որ հակասություններ կարող են լինել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության հարցում, քանի որ Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, հատկապես՝ անվտանգության ոլորտում»,-ասել է դեսպանը, ընդգծելով, որ Հայաստանը ցույց է տվել, որ ոչ մի հակասություն էլ չկա եւ Երեւանը կարող է հարաբերություններ զարգացնել երկու կողմերի հետ էլ:

Նույն շարքից