Հայաստան 

Ինչու՞ ՎՊ-ի հաշվետվությանը անձամբ Իշխան Զաքարյանը չի ներկայացել . Ն. Փաշինյան

analitik.am

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, որը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գևորգյանը։ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ-ի հաշվետվությանը չի ներկայացրել անձամբ Իշխան Զաքարյանը։

«Որտե՞ղ է Իշխան Զաքարյանը, ներկայացվում է տարեկան ծրագիր և ԱԺ-ի առաջ պետք է կանգնած լինի ԱԺ-ի կողմից ընտրված պաշտոնյան, ով նաև հաշվետու է ԱԺ-ին, մանավանդ որ նախորդ քառօրյայում քննարկվել են հարցեր և նախորդ քառօրյայից հետո Իշխան Զաքարյանը հանդես է եկել հարցազրույցով, որտեղ հրապարակել են փաստաթղթեր, իբրև ԱԺ-ում քննարկված հարցերին ի պատասխան, որոնք շատ ավելի մեծ հարցեր են առաջացնում, ավելին՝ կասկածի տակ են դնում ընդհանրապես ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի հետագա պաշտոնավարման վստահելիության հարցը»,- ասաց նա:

Փաշինյանը նրանց համար, ովքեր տեղյակ չեն, ներկայացրեց բարձրացրած հարցը, թե ինչ միջոցներով է ՎՊ նախագահն իր շքեղ առանձնատունը կառուցել։ «Նա հրապարակել է փաստաթղթեր, որոնց համաձայն հանդիսանում է ՀՀ քաղաքացի չհանդիսացող բանկային հաշիվների կառավարիչ, և սրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան, դրանց, կարծում եմ, դեռ պետք է անդրադառնան, որովհետև ստացվում է, որ այդ նույն հարցազրույցի մեջ Իշխան Զաքարյանը բացատրում է, որ այդ գումարները, այդ հաշիվը ԱՄՆ քաղաքացի Ալբերտ Բոյաջյանն իրեն վստահել է և Բոյաջյանից են մեջբերում արել, ստացվում է, որ այդ գումարները նրա համար են, որ Իշխան Զաքարյանը Բոյաջյանի համար տուն կառուցի, բայց ստացվել է այնպես, որ Իշխան Զաքարյանն իր համար է տուն կառուցել: Մի քիչ հարց է առաջացնում ու շատ լուրջ պրոբլեմներ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե խնդիրը որն է. «Հանրային ծառայության մասին օրենք գոյություն ունի ՀՀ-ում, որտեղ հստակ նշված են պետական պաշտոնյաների էթիկայի կանոնները, ես չգիտեմ՝ Դուք կարո՞ղ եք այս հարցերին պատասխանել, այսինքն՝ տիրապետո՞ւմ եք տեղեկատվությանը, և եթե չեք տիրապետում, կարո՞ղ ենք արդյոք մեկնաբանել, որ Իշխան Զաքարյանը չի եկել այսօր, որ այս հարցերին պատասխանելու առիթ չունենա»,- ասաց նա։

ՎՊ խորհրդի անդամը պատասխանեց. «Նախ և առաջ տեղեկացնեմ, որ պարոն Զաքարյանն այստեղ չէ, քանի որ գտնվում է գործուղման մեջ, հանրապետությունից բացակայում է, Արցախում է, և այդ պատճառով հենց ես եմ ներկայացնում ծրագիրը։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, կարծում եմ, որ դրանք չեն վերաբերում կոնկրետ հարցերին, և այդ բնույթի անձնական հարցերին պարոն Զաքարյանն ինքը կպատասխանի»,- ասաց նա։

Պատասխանը դուր չեկավ Փաշինյանին, ով ձայնը բարձրացրեց. «Տիկին Գևորգյան, Դուք հերթական պաշտոնյան եք, Դուք այստեղ չեք՝ որոշելու համար հարցն ինչքանով է առնչվում, Ձեզ հարց են տալիս, Դուք ըստ էության պատասխանեք հարցին: Իսկ եթե բացատրության կարիք կա, ասեմ՝ ինչով է առնչվում: Դուք այստեղ ծրագիր եք ներկայացնում, որի կոնտեքստում ՎՊ-ն ընկալվում է որպես մի մարմին, որը հանրությանը պետք է օգնի կոռուպցիայի դեմ պայքարում: Հիմա եթե ՎՊ նախագահը կոռումպացված է, այ ասենք՝ հասկանալի՞ է հիմա, ինչքանով է առնչվում այս թեմայի հետ»,- հարցրեց նա, բայց դրանով չսահմանափակվեց. «Երկրորդը՝ ՎՊ նախագահն իրավունք չուներ այսօր գնալ, իրեն այդպես էլ կփոխանցեք, որովհետև ԱԺ դահլիճում՝ երկրի թիվ մեկ օրենսդիր մարմնում, հարց է քննարկվում, գործուղման է գնացել ԼՂՀ, թող հինգշաբթի գնար կամ վաղը կամ քննարկումից հետո գնար գործուղման, և ընդհանրապես սա ինչ գործելակերպ է, էս ԱԺ մեծամասնությունը և գործող ղեկավարությունը պետք է ....»։

Փաշինյանին ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ես արձագանքեմ, Դուք կշարունակեք, ես կարծում եմ, հարգելի գործընկեր, որ մենք պիտի հնարավորություն տանք տիկին Գևորգյանին ներկայացնել ծրագիրը, իսկ Ձեր մտահոգությունները Դուք կարող եք նաև հնչեցնել այլ հարթակներից, և ես կարծում եմ, որ Ձեզ պետք է ուղիղ հարց տաք, տիկին Գևորգյանը պարոն Բոյաջյանի վստահված անձը չի, ոչ էլ գումարների կառավարիչը, որ որոշի ինչ պետք է անել»,- ասաց նա:

Նույն շարքից