Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Առաջնային խնդիրներ են կոմունալների սակագների հետ կապված հարցերը. Պատգամավոր Եղիշե Սողոմոնյան

analitik.am

Analitik.am-ը զրուցեց «Իմ քայլի» դաշինքի  նորընտիր պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հետ:

Պարոն Սողոմոնյան, ԱԺ-ում որո՞նք են լինելու Ձեր քայլերը:

Այս պահին չեմ կարող հարցին պատասխանել, որովհետև սպասում ենք ընդհանուր դիրքորոշման հայտնի լինելուն:

Որպես նորընտիր պատգամավոր, ի՞նչ ծրագրեր ունեք:

Հեղափոխությունից հետո մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեմ: Մեր նոր իշխանությունը, նոր ընտրված ԱԺ-ի հետ միասին ջանք ու եռանդ է ներդնելու, որ նախկիններից մնացած խնդիրներն ու այս պահին ունեցած սոցիալ-տնտեսական ծանր վիճակը լուծեն: Ամենակարևորն այն է, որ կա քաղաքական կամք և կան մարդիկ, որոնք պատրաստ են ծառայել ժողովրդին: Մի քանի ամսվա մեջ զգալի փոփոխություններ չենք զգա, բայց կարծում եմ, որ 1-2 տարվա մեջ ժողովուրդը կտեսնի դա: Պարզ է, որ 30 տարվա ենթացքում քանդածը 1-2 ամսվա մեջ չի կարող կառուցվել, բայց մոտակա 1-ից 5 տարին փոփոխություններ կլինեն, իսկ ամենամեծ փոփոխությունն արդեն եղել է՝ կառավարության կամքն է լինել ազնիվ, ծառայել ժողովրդին:

Ըստ Ձեզ, նախորդ իշխանությունների կողմից ի՞նչ բացթողումներ կան, որոնք պետք է լրացնեն ներկա իշխանությունները: Կամ մինչ հեղափոխությունը ի՞նչ չեն արել նախորդ իշխանության ներկայացուցիչները, որ ներկաները պետք է անեն:

Նախորդ իշխանության բացթողումները բազմաթիվ են, և քանի որ ես տնտեսական ոլորտի մասնագետ եմ, կառանձնացնեմ տնտեսական ոլորտի հետ կապվածները. Առաջինը հարկային մարմնի կողմից վարվող միասնական քաղաքականությունն է՝ այսինքն անկախ նրանից, թե տնտեսվարող օբյեկտն ում է պատկանում, միասնական հավասար մրցակցային դաշտում հարկային վարչարարություն իրականացնելն է՝ սա ամենակարևորներից մեկն է: Երկրորդն էլ այն է, որ պետք է օրենսդրությունը, վարչարարությունը կամ երկրի կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականությունն այնպիսին լինի, որ նպաստավոր պայմաններ ստեղծվի մանր և միջին բիզնեսի զարգացման համար, ոչ թե պայմաններն այնպիսին լինեն, որ մանր ու միջին բիզնեսները փոքր ծավալի պատճառով մրցակցությունից դուրս գան և տեղը զիջեն խոշոր բիզնեսին, ինչը նախկինում կատարվել է: Հաջորդ քայլը, որը պետք է արվի, երկրի տնտեսական հեռանկարային, երկարաժամկետ ծրագրի մշակումն է: Այս պահին ունենք տարեկան բյուջե՝ 1 տարվա ծրագիր, միջնաժամկետ՝ 3 տարվա ծրագիր, հեռանկարային զարգացման ծրագիր՝ 2014-2025, բայց դրանք սին բառեր են գրված, կարծես գեղարվեստական ստեղծագործություն լինի: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է փոխի իր ռազմավարությունը:

ՀՀ ում կա՞ գերխնդիր, որին շուտափույթ լուծում է հարկավոր:

Կարծում եմ՝  երկրում առաջնային խնդիրներն են կոմունալների սակագների հետ կապված հարցերը, և այս մասով նախկին իշխանությունները մեզ կանգնեցրել են նոր բանակցությունների առջև: Նոր կառավարությունը ջանքեր է ներդնում, որ իր սպառողների համար ստանա լավագույն պայմանները: Մյուս կարևոր խնդիրը հարկային օրենսգրքի փոփոխությունն է՝ կան որոշակի դրույթներ, որոնք պետք է արագ փոփոխել, որպեսզի տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծվի երկրի համար: Այս երկուսը տնտեսական բլոկի հետ կապված կարևոր գերխնդիր են համարվում:

Մինչև պատգամավոր ընտրվելը զբաղվել ե՞ք քաղաքականությամբ, եթե այո, ապա ո՞րն է եղել ձեր հիմնական գործառույթը:

Ես պրոֆեսիոնալ եմ և ուսանողական ժամանակահատվածում քաղաքականութան մեջ մասնակի ներգրավված եղել եմ: Ակտիվ մասնակցել եմ երկրում տեղի ունեցող ալիքներին: Նախկինում որևէ կուսկցության անդամ չեմ եղել, հիմա «Առաքելություն» կուսակցության անդամ եմ  և «Իմ քայլ»-ը  դաշինքով ընտրվել եմ  պատգամավոր: Կարծում եմ, որ պատգամավորի աշխատանքը ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև քաղաքական աշխատանք է և ուզած-չուզած արդեն քաղաքականության մեջ պետք է դրսևորվել:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից