Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Դավութողլին «ջերմացած» է, իսկ Նալբանդյանը դեռևս լռում է...

analitik.am

Դավութողլու այցն էլ ավարտվեց և փաստացի հայտնի դարձավ այն, ինչ փակագծերից դուրս էր, իսկ քողարկված կողմերը, որոնք  շատ ավելի կարևոր են, կդրսվորվեն միայն հետագայում: Դավութողլու թուրքական մամուլին տված հարցազրույցում վերջինս Նալբանդյանի հետ  հանդիպումը ջերմ որակեց, իսկ Նալբանդյանը դեռ լռում է:  Հարցազրույցից չի հասկացվում, թե հայ և թուրք ժողովուրդների պատմական անցյալն ինչպես կարելի է բաց և անկեղծ քննարկել, եթե մինչ այժմ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը: Եթե բաց և անկեղծ է քննարկվել, ապա անպայմանորեն պետք է անդրադարձ կատարվեր Ցեղասպանությանը, ինչը նշանակում է, որ Թուրքիան միանշանակ պետք է ճանաչի այն: Տարածաշրջանը զարգացնելու հետ կապված կարող էր քննարկվել ընդամենը մեկ հարց՝ հայ-թուրքական սահմանի բացում, քանզի այս դեպքում Հայաստանի մասով հենց դա պետք է արվի: Այս երկու կետից կարելի է ենթադրել, որ քննարկվել է Ցեղասպանության հարցը՝ ամենայն հավանականությամբ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունն առանց պարտավորությունների ճանաչելու վերաբերյալ, ինչի դիմաց էլ Թուրքիան կբացի սահմանը: Սա կարելի է բնութագրել ոչ թե նախապայման, այլ զիջում: Եթե խոսքը գնում է տարածաշրջանը տնտեսապես զարգացնելու՝ այսինքն Հայաստանը տնտեսապես զարգացնելու մասին, քանզի ներկայումս ոչ թե Թուրքիայի տնտեսությունն ունի Հայաստանի կարիքը, այլ հակառակը, ապա զիջումների պետք է գնա Հայաստանը: Չի կարելի անտեսել նաև Ռուսաստանին, որը ձգտում է այսպես ասած գրավել տարածաշրջանը: Ռուսաստանին միանշանակ ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը, քանզի այս կերպ արդեն Մաքսային Միությունը ստանում է այն կարևորագույն դերը, ինչը համար կոչված է: Հայաստանը դառնում է կապող օղակ Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Իրան հարաբերություններում: Տնտեսական առումով սա ձեռնտու է նաև Հայաստանին, քանզի այն կդառնա այսպես ասած առևտրային խաչմերուկ, սակայն հաշվի առնելով Հայաստանի ներկայիս տնտեսական խորը ճգնաժամը պետք է փաստել, որ այդ տնտեսական օգուտները շատ կարճ ժամանակահատվածում կարող են վերածվել ազգային լուրջ կորուստների:

Հանդիպման մասին դեռ հայտարարություն չի արել Էդվարդ Նալբանդյանը, ուստիև հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ ենթադրությունները մնում է անել միայն Դավութողլու խոսքերից: Շատ հնարավոր է, որ Էդվարդ Նալբանդյանն ի տարբերություն Դավոթուղլու հանդիպումը բնութագրի ոչ թե ջերմ, այլ սառը և այսպես շարունակ: Անհերքելի է միայն այն, որ այս այցից հետո հայ-թուրքական հարաբերություններում անպայման փոփոխություններ կլինեն՝ մնում է միայն ամեն ինչ անել, որպեսզի այդ փոփոխությունների օգտակարության գործակիցը բարձր լինի կորուստներից:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից