Առողջապահություն Հասարակություն 

Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է

analitik.am

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է:

Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում այսօրվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:

Հունվարի 9-ին դպրոցներից և մանկապարտեզներից շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխա (Երևան՝ 129, մարզեր՝ 258) տուն է ուղարկվել:  Ձեռնարկված աշխատանքները շարունակական են:

Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.

- խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ մի թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- մի թույլ տվեք ձեր աշխատկիցներին հիվանդ վիճակում հաճախել աշխատանքի, ավելին՝ եթե նրանց աշխատանքն անմիջական կապ ունի երեխաների, հիվանդների, այցելուների և պացիենտների հետ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան՝ հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

- հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով:

 

Նույն շարքից