Այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով կառավարության հետագա կազմի և կառուցվածքի մասին, հիշեցրեց, որ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել են փոխել կառավարության կազմն ու կառուցվածքը և նախարարությունների թիվը պետք է կրճատվի. «Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով: Այս պրոցեսի նպատակը փող խնայելը չէ: Միակ նպատակն է բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Այս առումով շատ լուրջ աշխատանք է սպասվում: Մենք կառավարությունում այս թեմայով տարբեր ֆորմատներով մի քնաի քննարկումներ ենք ունեցել, դեռ նման քննարկումներ էլի կլինեն: Այս ընթացքում մենք կլսենք բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»:
Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձավ Սփյուռքի նախարարության թեմային. «Կարծում եմ, որ թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա: Ընդհակառակը՝ խնդիրը հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունները կբարձրացվեն: Այս մասով մենք քննարկումներ կունենանք նաև սփյուռքի հետ, և ես հույս ունեմ, որ մենք համաձայնության կհասնենք»: