Հայաստան 

Պետրոս Մակեյանի հանդիպումը լրագրողների հետ

analitik.am

Հայաստանի ողջ տնտեսությունը հանձնված է օլիգարխներին, ամբողջ ոլորտը, իսկ եթե թվում է՝ ինչ-որ օազիսներ օլիգարխիայից դուրս են մնացել, ապա դա միայն առերևույթ է այդպես. Դրանք, միևնույն է, անտեսանելի ձևով վերահսկվում են: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ ՀՀ կառավարության անդամները, վարչապետը, քաղաքապետը շահագործում են ի պաշտոնե իրենց ձեռքում գտնվող լծակները: 

«Նորմալ երկրում վարչապետը վաղուց օֆշորային սկանդալից հետո պիտի հրաժարական տար, առնվազն հրաժարական տար: Նրա այս վեց տարվա բարեփոխումների արդյունքում այսօր ժողովուրդը չորս միլիարդից ավել արտաքին պարտք է կուտակել, ուստի այս պայմաններում ժողովրդավարության, ընտրական համակարգի մասին խոսելն ավելորդ է: Մարդկանց «հոտով» բերում են տեղամասեր, պարտադրում ընտրություն, իսկ եվրոպացիները, այդ ամենը քաջ իմանալով, անընդհատ արձանագրում են քայլ առաջ»,- ասաց նա: Ստեղծված վիճակից ելքը, ըստ Մակեյանի, մեկն է. քաղաքական ընդդիմությունը պիտի փոխի իր գործելաոճը, օգտագործի այն մարդկային ռեսուրսը, այն խումբը, որ դեռ ֆիզիկապես Հայաստանում է, բայց գնալու նպատակ ունի, իրերը կոչի իրենց անուններով, արձանագրի եղած երևույթները, ապա այդ մարդկանց դուրս բերի փողոց: Բայց ո՛չ նախկին գործելաոճով, այլ բոլորովին նոր մոդել պետք է ձևավորի: 

Այդ մոդելի մասին խոսելը, Մակեյանի համոզմամբ, դեռ ճիշտ չէ: Բանախոսի համոզմամբ՝ հանրապետության երեք նախագահները, ովքեր այս հանգրվանի պատասխանատուն են, պետք է արենայից դուրս մղվեն: «Առաջին նախագահը կարող էր 2008-2011 թվականներին փոխել իրավիճակը, դաս քաղել իր սխալներից, բայց չցանկացա՞վ, թե՞ չկարողացավ, ամեն դեպքում չարեց: Նրանք նաև պիտի պատասխանատվության ենթարկվեն իրենց չարագործությունների համար: Հատկապես Ռոբերտ Քոչարյանը: Բայց հասել ենք էն աստիճանին, որ ասում են՝ առանց իրենց Հայաստանում ոչինչ չի լուծվում: 

Երեք նախագահների գործոնը առաջիկա քաղաքական գործընթացներից պետք է բացառել»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրին»՝ Մակեյանը նշեց, որ գաղտնիք չէ՝ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հետ իրենք երկար ճանապարհ են անցել, այն էլ՝ ծանր ճանապարհ: «Սասունի հետ 95-99 թվերին նաև պառլամենտում ենք աշխատել, «Հայրենիք» խումբը ձևավորեցինք, ապա նա «Երկրապահը» կազմավորեց: Նիկոլի հետ մենք այլընտրանք ձևավորեցինք՝ Միքայել Հայրապետյանի, Բաբկեն Արարքցյանի հետ, բայց ո՛չ այսօրվա ԲՀԿ-ի նման այլընտրանք, ապա «Ւմպիչմենտ» դաշինքը ձևավորեցինք, գնացինք ընտրության: Մեր կուսակցությունը 98 թվականից միշտ եղել է պայքարի առաջին գծում: Բայց մենք պետք է արդեն նախապայմաններ թելադրենք. ընդդիմությունը չպետք է այլևս գործի նախկին գործելաոճով: Եթե մեր նախապայմաններն ընդունեն, առավել ևս, որ ունենք միասին անցած ճանապարհ, մենք կհամագործակցենք, խնդիր չի լինի, իսկ երկրի իրավիճակը համագործակցության է պարտադրում շահագրգիռ բոլոր ուժերին»,- ասաց նա: 

Մակեյանն անդրադարձավ նաև ազատամարտիկների պայքարին ու կազմակերպվող կլոր սեղան-քննարկումներին, նշեց, որ իրենց կուսակցությունը կլոր սեղանին մասնակցում է, բայց ասել, որ ակտիվ է, չի կարող: Իրենք դեկտեմբերի 10-ին երթին չմասնակցեցին: Խնդիրը դրել էին՝ եթե այն կազմակերպում է կլոր սեղանը, կմասնակցեն, ինչ-ինչ պատճառով այդ կուսակցություններն ի մի չեկան: 

«ՀԱԿ-ը, գոնե այս առումով ավանդույթները պահելով, քանի որ այլ հարցերում իր ավանդական գործունեությունից շեղվել է, երթ կազմակերպեց, որին, բնականաբար, մենք չէինք կարող մասնակցել: Ազատամարտիկները, կարծում եմ, առաջիկայում կլոր սեղան կկազմակերպեն: Եթե պարզ, մարդկային լեզվով, իրերն իրենց անուններով կոչելով կարողանան համախմբվել, մենք կմիանանք»,- ասաց նա: 

Բանախոսը նշեց՝ ընդդիմությունը բաժան-բաժան եղավ, և իշխանության ձեռքերը հիմա ազատ են, բայց դա ժամանակավոր է. հասարակության մեջ երկրաչափական պրոգրեսիայով կուտակվում է ատելությունը այս իշխանության նկատմամբ, և հնարավոր չէ, որ չստեղծվի իրական ընդդիմադիր ուժ: Ամեն մարզում մի հզոր ֆեոդալ է ձևավորվել, որ լրացուցիչ ճնշում է գործադրում, էլ չասած վարչական՝ մյուս ճնշումների մասին: Ըստ բանախոսի՝ մարդիկ ոչ թե հացի խնդիր են լուծում փախչելով, այլ այս բեսպրեդելից են փախչում: Մակեյանը համոզված է՝ Հայաստանին վեց ամիսը բավական է նորմալ վիճակի գալու, երկիրը գոնե Վրաստանի վիճակին բերելու համար: Իսկ նորմալ քաղաքական ընդդիմության ձևավորումը, միավորումն ավելի բարդ է:

Նույն շարքից