Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը.
Սև ցուցակ 2018
Գերատեսչություններ, որոնք հարցումներն անպատասխան են թողել
ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան
2018 թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություն նախարարության կողմից 2017 և 2018 թթ.-ին իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություն և նվիրաբերություն տրամադրելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2477/
ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան
- 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Yerkir.am առցանց պարբերականի լրագրող Ռոզա Խաչատրյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե ինչու Վարչապետի պաշտոնական կայքի «Աշխատակազմ» բաժնում նշված չէ Սոֆյա Նավասարդյանի անունը և ինչու է Վարչապետի որոշումների ցանկից հեռացվել վերջինիս նշանակման մասին որոշումը: Լրագրողը խնդրել է պարզաբանել, թե արդյոք Սոֆյա Նավասարդյանը շարունակում է աշխատել: Վարչապետի աշխատակազմից լրագրողին ուղարկված նամակով աշխատակազմը լիարժեք պատասխանի համար խնդրել է 30-օրյա ժամկետ, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2547/
- 2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին Mediamax.am առցանց պարբերականի լրագրող Լուսինե Մկրտչյանը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն այն մասին, թե կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքան գումար է վերականգնվել պետական բյուջեում և ուր են ուղղվել այդ միջոցները։ Վարչապետի աշխատակազմից պատասխան նամակով տեղեկացրել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում: Հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան: https://bit.ly/2VFSOLo
Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն պատասխան
ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան
2018 թ.-ի հունվարի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ամանորի ծախսերի վերաբերյալ: Նախարարությունը 6 աշխատանքային օր անց ուշացած անհիմն պատասխան է տրամադրել՝ տեղեկության տրամադրման համար լրացուցիչ ժամանակ խնդրելով: http://www.givemeinfo.am/hy/case/2320/
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար՝ Գաբրիել Ղազարյան
- 2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում իրավապահ մարմինների կողմից իրականացված վերջին ստուգումների արդյունքների վերաբերյալ: Նախարարությունը աշխատանքային 11-րդ օրը տրամադրել է անհիմն պատասխան՝ նշելով, թե քննչական գործողությունները դեռևս ընթացքի մեջ են: http://www.givemeinfo.am/hy/case/2487/
- 2018 թ.-ի նոյեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հիմքերի վերաբերյալ: Նախարարությունը աշխատանքային 11-րդ օրը տրամադրել է անհիմն պատասխան՝ հղում տալով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքին, որտեղ տեղադրված է լուծարման որոշման նախագիծը, այնինչ լուծարման մասին ծանուցումներ ՊՈԱԿ-ի աշխատակիցները ստացել էին նախագծի հանրայնացումից շաբաթներ առաջ: http://www.givemeinfo.am/hy/case/2486/
ՀՀ կառավարության աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան
2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել աշխատակազմում առկա թափուր հաստիքների ցանկն ու նշման աղբյուրը: Կառավարության աշխատակազմն անհիմն պատասխանը տրամադրել է 7 աշխատանքային օր անց: Պատասխանը անհիմն է, քանի որ թեև Կառավարության աշխատակազմը շարունակում է նոր նշանակումներ անել, սակայն պատասխանում նշում է, որ թափուր հաստիքների մասին տեղեկատվություն առկա չէ։ http://www.givemeinfo.am/hy/case/2384/
Գերատեսչություններ, որոնք տրամադրել են անհիմն մերժում
ՀՀ պաշտպանության նախարարություն, նախարար՝ Դավիթ Տոնոյան
- 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն` խնդրելով տրամադրել նախարարության` 2018 թվականի բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Նախարարությունը անհիմն կերպով մերժել է պատասխանի տրամադրումը: ՊՆ պատասխանը համարվել է անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 4 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվության տրամադրելու, և ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2379/
- 2018 թ.-ի մայիսի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՊՆ՝ խնդրելով տրամադրել գերատեսչությունում առկա թափուր հաստիքների ցանկն ու հրապարակման աղբյուրը: ՊՆ պատասխանը համարվել է անօրինական մերժում, քանի որ նախարարությունը նախ լրացուցիչ ժամանակ էր խնդրել պատասխանը տրամադրելու համար, իսկ այնուհետև 3 օր անց մերժել։ ՏԱ մասին օրենքի համաձայն՝ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ժամանակ խնդրում են բացառապես տեղեկատվություն տրամադրելու, եւ ոչ մերժումը հիմնավորելու համար: http://www.givemeinfo.am/hy/case/2395/
ՀՀ Սփյուռքի նախարարություն, նախարար՝ Մխիթար Հայրապետյան
- 2018 թ.-ի օգոստոսի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սփյուռքի նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարության մերժումը համարվել է անհիմն, քանի որ տրամադրվող տեղեկությունը չի կարող համարվել պետական/ծառայողական, ինչպես նաև բանկային և առևտրային գաղտնիք: Նշենք, որ նույնաբովանդակ մեր հարցմանը մյուս բոլոր նախարարությունները պատշաճ պատասխան են տվել: http://www.givemeinfo.am/hy/case/2460/
- 2018 թ.-ի սեպտեմբերի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սփյուռքի նախարարություն՝ խնդրելով լիարժեք պատասխանել 2018 թ.-ի օգոստոսի թիվ 338-ի 4 հարցմանը՝ տրամադրելով ամբողջական պատասխան, մասնավորապես՝ խնդրելով տեղեկություն ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների վերաբերյալ: Նախարարությունը պատասխան նամակում նշել էր, թե պատասխանը արդեն իսկ տրամադրվել է նախորդ գրությամբ՝ հղում անելով նախկինում տրամադրած մերժմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2465/