Հայաստան 

Կառավարությանը քրեական պատասխանատվություն է սպասվում. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ Կառավարությանը քրեական պատասխանատվություն է սպասվում՝ անդրադառնալով ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև «գազային» համաձայնագրերին: Նա համաձայնագրերն անվանեց վասալային և հայտարարեց, թե Կառավարության քրեական պատասխանատվությունն անխուսափելի է։ «Եթե ոչ այսօր, ապա՝ վաղը, դրանում մեկ րոպե անգամ կարող եք չկասկածել»,-ասաց նա։

 

Իսկ մինչ այդ նա հարցրեց, արդյո՞ք Կառավարությունը հասկանում է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունները։

 

«Պարոն նախարար, Դուք ճիշտ չեք ասում, որ չեք հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու, 2012թ. փետրվարի 17-ին Ձեր ասուլիսում դուք հայտարարել եք դա: Բայց հարցս դրան չի վերաբերում, դուք ընթերցեցիք այս «վասալային» պայմանագրի միայն չեզոք հատվածները, ընթերցեմ մեկ-երկու համառոտ հատված»,-դիմելով էկոնոմիկայի նախարարին ասաց նա։

 

ԲՀԿ խմբակցության քարտուղարը մեջբերեց իր նշած հատվածը. ««Գազպրոմը» «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացնում է ուղիղ վաճառքի ճանապարհով, առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցման: Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխվի, չեղյալ չեն համարվի, հայկական կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ ներկա գտնվել ՀայՌուսգազարդ ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին»։

 

Պատգամավորը անցավ հարցին և հիշեցրեց, որ գործարքը խորհրդարանից թաքցնելու համար Ուկրաինայում Տիմոշենկոն քրեական պատասխանատվություն է կրում, որից չի կարող խուսափել նաև այս Կափառավորությունը. «Ուզում եմ հարցնել, այս նախարարությունը հասկանու՞մ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունները, դուք տեղյա՞կ եք արդյոք՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ի՞նչի համար է այսօր դատապարտված՝ իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու և դրա որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար: Երկրորդ մասին կարող եք չպատասխանել, որովհետև այն միանշանակ Ձեզ և Ձեր կառավարությանը քրեական պատասխանատվության մասով սպասվում է, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը, դրանում մեկ րոպե անգամ կարող եք չկասկածել»,-ասաց նա:

 

Նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Կառավարությունը շատ լավ հասկանում է Ձեր ասած այդ տարբերությունները և չի գտնում, որ այս պայմանագիրը, այս համաձայնագիրը Ձեր ասած վասալի պարտավորությունները իր մեջ ներառում է, կխնդրեի ուղղակի պայմանագիրը ուշադիր մինչև վերջ կարդալ»,-ասաց նա։

Նույն շարքից