Հայաստան Քաղաքական 

Առաջնային պետք է անցումային արդարադատության իրավական ակտերի ընդունում արվի. Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան

Analitik.am-ը զրուցեց «Իմ քայլի» դաշինքի նորընտիր պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

Պարոն Բաղդասարյան, ԱԺ-ում որո՞նք են լինելու Ձեր քայլերը:

Պատգամավորի գործունեությունն այն է, որ ինչպիսի օրենքներ են պատկերացնում նախաձեռնել: Առաջնային պետք է անցումային արդարադատության իրավական ակտերի ընդունում արվի, որովհետև արդեն ծրագրով հռչակել ենք, որ անցնելու ենք անցումային արդարադատությանը և իմ կարծիքով` դա հրատապ խնդիր է: Այդ խնդիրը լուծելու համար որոշակի իրավական ակտերի ամբողջականություն է անհրաժեշտ, իսկ դա ստանալու համար նախագծեր ենք մշակելու:

Որպես նորընտիր պատգամավոր, Դուք ի՞նչ ծրագրեր ունեք:

Պատգամավորն ինքնուրույն ծրագրեր չունի: Խմբակցությունն ունի ծրագիր և «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն իրականացնելու համար պատգամավորի առաքելութունն անհրաժեշտ իրավական ակտերի ընդունումն է:

Ըստ Ձեզ, նախորդ իշխանությունների կողմից ի՞նչ բացթողումներ կան, որոնք պետք է լրացնեն ներկա իշխանությունները կամ մինչ հեղափոխությունը ի՞նչ չեն արել նախորդ իշխանության ներկայացուցիչները, որ ներկաները պետք է անեն:

Եթե չլինեին բացթողումներ, ինձ թվում է հեղափոխություն չէր լինի: Հարցն այն է, որ նախորդ իշխանությունը քրեաօլիգարխիկ իշխանություն է եղել և դա կարելի է 2 ձև ձևակերպել՝ ձևական ժողովրդավարության ռեժիմ և ավտորիտար կառավարում ռեժիմ: Այս 2 ռեժիմներից մեկի կառավարման ժամանակ է գոյատևել նախորդ իշխանությունը, հետևաբար այդ ռեժիմից բխող  իշխանություն են իրականացրել: Ինչ-որ կոնկրետ սխալ չկա, որ կարող եմ ասել դա պետք է ուղղվի, պարզապես այդ ռեժիմից պետք է անցնել ժողովրդավարական ռեժիմի:

Ըստ Ձեզ, ՀՀ ում կա՞ գերխնդիր, որին շուտափույթ լուծում է հարկավոր:

Իհարկե, պետք է հաստատել ժողովրդավարություն, իրավական պետություն, վերականգել սոցիալական արդարությունը և ընդհանրապես, պետք է արդարությունը վերականգնել: Այս բոլորը գերխնդիր են, որոնք կան մեր նախընտրական ծրագրում:

Մինչև պատգամավոր ընտրվելը զբաղվել ե՞ք քաղաքականությամբ:

Մինչև պատգամավոր դառնալը, ԵԼՔ դաշինքի կողմից էլ եմ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել: Զբաղվել եմ իրավական ակտերի մշակմամբ, իրավական ակտեր ստեղծելու համար ուսումնասիրել եմ այդ ոլորտները, այնուհետև հետազոտություններ եմ կատարել, որոնք այս պահին կարող են ռեալիզացվել:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից