Analitik.am-ը զրուցեց «Իմ քայլի» դաշինքի նորընտիր պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ:
Պարոն Հակոբյան, ԱԺ-ում որո՞նք են լինելու Ձեր քայլերը:
Իմ քայլերը լինելու են օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը և անել հնարավորինս, որպեսզի էլ ավելի բարեկեցիկ կյանք կարողանանք ապահովել ժողովրդի համար:
Որպես նորընտիր պատգամավոր, ի՞նչ ծրագրեր ունեք:
Բավականին շատ ծրագրեր ունեմ՝ մասնավորապես ամենաառաջինը երևի իմ օրենսդրական նախաձեռնությունը կներկայացնեմ նոր ԱԺ-ին, որը վերաբերում էր բուքմեյքերականների գովազդին և նմանատիպ այլ ծրագրեր:
Ըստ Ձեզ, նախորդ իշխանությունների կողմից ի՞նչ բացթողումներ կան, որոնք պետք է լրացնեն ներկա իշխանությունները: Մինչ հեղափոխությունը ի՞նչ չեն արել նախորդ իշխանության ներկայացուցիչները, որ ներկաները պետք է անեն:
Բացթողումները շատ են, դրանցից ամենակարևորը կոռուպցիան է: Նախորդ իշխանությունները չեն աշխատել կամ լավ չեն իրականացրել կոռուպցիան բացառելու գործողությունները, և մենք այդ գործում կփորձենք լուրջ արդյունքների հասնել:
ՀՀ ում կա՞ գերխնդիր, որին շուտափույթ լուծում է հարկավոր:
Այս պահին չկա, որովհետև այդ գերխնդիրը մինչ հեղափոխությունն էր, և դա այն էր, որ ՀՀ քաղաքացին զրկված էր հավատքից՝ հավատք ինքն իր և իր ուժերի նկատմամբ: Այսօր ՀՀ քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի և իր հողի վրա ու կարծում եմ, որ առաջնային այդ գերխնդիրն էր լուծում պահանջում և ինչպես տեսնում ենք՝ արդեն լուծված է:
Մինչև պատգամավոր ընտրվելը զբաղվե՞լ եք քաղաքականությամբ, եթե այո, ապա ո՞րն է եղել ձեր հիմնական գործառույթը:
Մինչ պատգամավոր ընտրվելը բավականին երկար տարիներ՝ սկսած 2004 թվականից, զբաղվել եմ ակտիվ քաղաքացիական նախաձեռնություններով: Իսկ բուն քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել 3 տարի առաջ, երբ անդամագրվել եմ կուսակցությանը: Պատգամավոր ընտրվելուց հետո՝ 7 ամսվա ընթացքում օրենսդրական նախաձեռնություն եմ սարքել և ներկայացրել ԱԺ, բայց նախորդ իշխանության ներկայացուցիչների թեթև ձեռքով այդ լավ նախագիծը տապալվել է: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնվեն, որ վիվառոների, տոտալիզատորների գովազդը այնքան է խեղդել, որ դրանից պետք է ձերբազատվեինք, անգամ նախորդ իշխանություններն իրենց կառավարման տարիներին պետք է նման հայտարարությամբ հանդես եկած լինեին: Ինչը նրանք չէին արել, ես արեցի, որն էլ նախորդ իշխանությունների թեթև ձեռքով տապալվեց:
Օֆելի Իսրայելյան