Հայաստան 

Եթե մանդատները վայր դնեն, ամբողջ խորհրդարանը կդառնա հանրապետական

Մանդատները խաղալիք չեն, դրանք տվել է ժողովուրդը և պետք չէ վայր դնել: Այսպես է կարծում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով այսօր հանդիպեց լրագրողների հետ և ամփոփեց քաղաքական և խորհրդարանական գործընթացները՝ տարեկան կտրվածքով:

 

«Եթե մանդատները վայր դնեն, համաձայն ընտրական օրենսգրքի՝ ողջ խորհրդարանը կդառնա հանրապետական»,-ասաց Գալուստ Սահակյանը և ակնարկեց, թե ընդդիմությունը չի էլ մտածում մանդատները վայր դնելու մասին:

 

«Վայր չեն դնի, դրանք պոռթկումով հայտարարություններ են… սովորաբար նրանք են այդպես արտահայտվում, որոնք շատ հուզական են քաղաքականությունը տեսնում: Պարզապես մտածում են՝ Ազգային ժողովից, որ դուրս գան, ժողովուրդը ասի՝ տեսեք ինչ գեղեցիկ դեմք ունի»,-ասաց Գալուստ Սահակյանը:

 

Անդրադառնալով «գազային» համաձայնագրերի վիճահարույց քվեարկությանը, Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ լավ կլիներ, որ համաձայնագրին լիներ 72 կողմ, 52 դեմ ձայներ, ինչը կնշանակեր, որ «խնդիրը նորից առաջանցիկ է»:

 

«Բայց Ռուսաստանից վախենում են»,- դեմ արտահայտված խորհրդարանական ուժերի մասին ասաց Գալուստ Սահակյանը և կրկին անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի՝ պատգամավորների քարտերը վերցնելուն և այն անվանեց «գողանալ»:

 

Ձեռքով քվեարկության գործողության և արդյունքների մասին Գալուստ Սահակյանն ասաց, թե դա ընդամենը տեխնիկական բնույթ էր կրում, և որ Հաշվիչ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները դահլիճում ներկա էին և կարող էին «փառահեղ ձևով» հաշվել:

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ՌԴ «գազային համաձայնագրերի» վավերացումն օրեր առաջ ԱԺ-ում անցել էր լարված մթնոլորտում: Քվեարկությունն անցկացվել էր ձեռքով. համաձայնագրերի վավերացմանը դեմ արտահայտված ուժերը պնդում են, որ այն անցել է կանոնակարգի խախտումներով:

Նույն շարքից