Քաղաքականություն 

Քննարկելու ենք սենյակների հարցը. Ինչու են ուշ ժամին Իմ քայլի պատգամավորները հավաքվել ԱԺ-ում

analitik.am

Ազգային ժողովում արդեն մոտ 3 ժամ ընթանում է Իմ քայլը խմբակցության նիստը: Նիստը, որքան էլ որ տարօրինակ է, ընթանում է Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: Քննարկմանը ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս պահին ընդմիջում է, որից հետո քննարկումը շարունակվելու է:

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընթանում է խմբակցության  քննարկում, հարց ու պատասխան, քննարկվում են օրակարգային հարցեր, իսկ ընդմիջումից հետո տեղի կունենա նաև վիճակահանություն, թե որ աշխատասենյակը բաժին կհասնի որ պատգամավորին: ԱԺ ապագա փոխխոսնակի խոսքերով, խմբակցության նիստում քննարկվում են տեխնիկական հարցեր՝ կապված գալիք աշխատանքների տրամաբանության հետ:

Վարչապետը լսել է խմբակցությանը, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել, և 5 րոպե հետո նիստը կշարունակվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե եղել է արդյո՞ք քննարկում՝ կապված ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի մասով, Սիմոնյանը նշեց, որ քննարկում եղել է, սակայն չկա որոշում, որը կարող է հայտնել, եղել է մտքերի փոխանակում:

Սիմոնյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչու է նիստի համար ընտրվել ԱԺ լիագումար նիստերի դահլիճը՝ նշելով, որ նմանատիպ այլ դահլիճ՝ նման մեծ չափերի, չեն գտել, դրա համար խնդրել են ԱԺ ղեկավարությանը տրամադրել այդ դահլիճը:

Ինչ վերաբերում է սուպերվարչապետության համակարգին, մասնավորապես նրան, թե լինելու են արդյոք փոփոխություններ այդ մասով՝ հաշվի առնելով այն, որ ժամանակին Փաշինյանը քննադատել է այն, Սիմոնյանը նշեց, որ այդ մասով փոփոխություններ լինելու են, սակայն աստիճանաբար, ամեն ինչ միանգամից չի լինելու՝ հավելելով, թե պետք չէ սուպերվարչապետական համակարգը կապել միայն ուժային կառույցների՝ վարչապետին ենթական լինելու հետ:

Նույն շարքից