Գլխավոր Հասարակություն 

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը. Արա Բաբլոյանը հուզված էր

analitik.am

Այսօր՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովի ղեկավարությունը, նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խորհրդարանում ընդունելություն է կազմակերպել լրագրողների համար:

Լրատվամիջոցների հետ զրույցում ԱԺ խոսնակը հայտնեց, որ վերադառնալու է առողջապահություն, բժշկություն, բավականին ծրագրեր ունեն ու կփորձեն դրանք իրականություն դարձնել:

Երբ լրագրողները պարոն Բաբլոյանին հիշեցրեցին իր խոսքերը՝ չարաճճիներին պատժելու մասին, և ցանկացան իմանալ, թե պատժել է նա արդյո՞ք այս ընթացքում պատգամավորների, վերջինս նշեց, որ պատժելու խոստում չի տվել. «Ես խոսք եմ տվել, որ կանեմ ամենը, ինչին ունակ եմ: Իսկ ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք: Ինձ համար բարդ է իմ աշխատանքը գնահատել: Դուք իրավունք ունեք արտահայտելու ձեր կարծիքը»:

Հարցին, թե կցանկանար արդյո՞ք աշխատել նոր խորհրդարանում, ԱԺ խոսնակը պատասխանեց, որ նոր խորհրդարանում չէր կարող աշխատել, քանի որ իր թեկնածությունն ի սկզբանի չի դրել, որպեսզի դառնա պատգամավոր. «Կարծում եմ, որ այս դաշտում ես արեցի այն, ինչ կարող էի անել: Հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում: ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսել»:

Պարոն Բաբլոյանը նշեց, որ ինքն այսօր տխուր չէ, իսկ հուզմունքը բնական է. «Ես գտնում եմ, որ շարունակականություն պետք է լինի: Ես նորընտիր պատգամավորներին, իմ գործընկերներին իմ կարծիքը հայտնել եմ: Ես միշտ հանդես եմ եկել որպես երկրի քաղաքացի, մի մարդ, ով իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը: Դրա համար ես անտարբեր չեմ նրան, ինչը պետք է տեղի ունենա: Հույս ունեմ, որ զարգացում պետք է տեղի ունենա: Ես հետևելու եմ զարգացումներին ու կանեմ ինձանից կախված հնարավորը: Ես չեմ լինելու պետական պաշտռոնյա, կլինեմ այնտեղ, որտեղ ծրագրային սպասելիքներ կան»:

 

Նույն շարքից