Հասարակություն 

Ես հպարտանում եմ իմ մամուլի խոսնակով. Դավիթ Սանասարյանը՝ Մհեր Ենոքյանի կնոջ մասին

Չի համապատասխանում իրականությունը, նման բան չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով Իոսիֆ Աղաջանովի հարազատների հայտարարությանը, որ Մհեր Ենոքյանին հնարավոր ազատ արձակելու որոշման վրա ազդեցություն է ունեցել կինը՝ Զարուհի Մեժլումյանը, ով հանդիսանում է ՊՎԾ պետի մամուլի խոսնակ:

Ավելի վաղ Միխայիլ Աղաջանովը, Նելլի և Ելենա Աղաջանովաները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես նշում էին հետևյալը.

«Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք»:

Սանասարյանն ասաց, որ ինքը հպարատանում է իր մամուլի խոսնակով, ով իր ծառայությունը բարձր մակարդակով է իրականացնում. «Նրա ծառայությունը բացառապես ՊՎԾ-ի ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ, թե ինչ են ուզում անել կեղծ բարեպաշտները: Նրանց նպատակը մեկն է, չեմ ուզում դա ասել: Իսկ եթե որևիցե մեկը պաշտոնապես նման բան հայտարարի, դատարանում կհայտնվի»:

Սանասարյանը նաև նշեց՝ երբ Մեժլումյանին խնդրել է աշխատանքի անցնել ՊՎԾ-ում, վերջինս ասել է, որ կարող են նման հարձակումներ լինել. «Ես ասել եմ, որ կապ չունի, մենք պրոֆեսիոնալ գործի մեջ ենք: Մեժլումյանն աշխատանքի շրջանակներում որևիցե այլ հարցով չի զբաղվել: Եթե մի ապացույց լինի, որ ես կամ ՊՎԾ որևէ պաշտոնյա ասել է, որ որևէ հարցում այս կամ այն որոշումը պետք է լինի, ես խոստանում եմ, որ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»:

 

  • 378
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    382
    Shares

Related Articles