Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Եթե պատգամավորն ուզում է ունենալ 400 դոլարանոց ռոլիկներով բազկաթոռ, թող գնա բերի. ԱԺ-ն գույքի խնդիր չունի

analitik.am

Երբ ես եկա աշխատակազմի ղեկավար, չունեի փող, չունեի աշխատասենյակի գույք, գնացի ընկերներիցս մեկին խնդրեցի, գույք բերեցի ինձ համար: Իսկ հիմա այն գույքը, որն անհրաժեշտ է պատգամավորներին աշխատելու համար, գտնվում է պահեստում: Երբ պատգամավորները ստանան իրենց սենյակները, կլրացնեն հայտեր և կստանան այդ գույքը, ինչից հետո նրանք կամ նրանց օգնականները կդառնան այդ գույքի պատասխանատուները: Լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ հերքելով տեղեկությկունները, թե Ազգային ժողովում գույքի խնդիր կա:

Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից գույք բերելուն, ապա այն, Սաղաթելյանի խոսքերով, միշտ եղել է վերջիններիս որոշումը. «Պետությունը չի կարող գնալ ու քո համար գնի իտալական գույք, քանի որ գույքը ձեռք է բերվում տենդերով, այսինքն՝ ողջամիտ էժան: Եթե ինչ-որ մեկն ուզում է ունենալ 400 դոլարանոց ռոլիկներով բազկաթոռ, թող գնա բերի: Պետությունը չի կարող ամեն սենյակին տալ հեռուստացույց, սակայն կարող է տալ 40 դրամանոց գրիչ: Իսկ եթե ուզում ես գրել թանկարժեք գրիչով, կարող ես գնալ առնել: Ինչ վերաբերում է գույքի հնամաշ լինելուն, ապա պահեստում եղածը նոր է: Բացի դրանից, որևէ մեկը չի ասել, որ ամեն նոր ԱԺ-ի համար պետք է նոր գույք ձեռք բերվի, իսկ հինն այնքան հնամաշ է, որ չի կարող օգտագործվել: Ինչն օգտագործման ենթական չէ, դուրս է գրվում: Չկա նման բան, որ պատգամավորին տրվի կոտրված ոտքով բազկաթոռ և այլն: Գույքը նորմալ գույք է, որից մենք բոլորս ենք օգտվում: Մասնավորապես իմ բազկաթոռը եղել է Բաբլոյանի հին բազկաթոռը»:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը դիմում է գրել և հեռանալու է պաշտոնից: Հարցին, թե ինչու է նման որոշում կայացրել, պարոն Սաղաթելյանը նշեց, որ ինքը եկել է հստակ մարդու, հստակ քաղաքական թիմի հետ. «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի աշխատակազմը մնա ապաքաղաքական, դա հեշտ չէր, բայց ես համարում եմ, որ պետք է գնամ այն թիմի հետ, այն ԱԺ նախագահի հետ, ում հետ եկել եմ: Բացի դրանից, ես համարում եմ, որ մեր թիմը ստեղծել է պատշաճ պայմաններ, որպեսզի հետո պաշտոնավարողներն ունենան համապատասխան բազան զարգացումը շարունակելու համար»:

 

Նույն շարքից