Հասարակություն 

Կես կատակ, կես լուրջ, բայց մի անձնական դիտարկում կատարեմ. Արա Բաբլոյանը հյուրընկալել էր լրագրողներին

analitik.am

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 11-ին հյուրընկալել էր օրենսդիր մարմնում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, խաղաղություն և մասնագիտական նորանոր հաջողություններ:

«Ավանդույթի համաձայն՝ սկսվող տարվա առաջին օրերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձյալ հյուրընկալում է ձեզ, որպեսզի ամփոփենք անցած տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքները և անդրադառնանք հետագա անելիքներին:

2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի և, բնականաբար, խորհրդարանի համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` իրադարձությունների օպերատիվ և անկողմնակալ լուսաբանման համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր նաև, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից և կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ, այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը»,-ընդգծել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքները բարձր մակարդակով լուսաբանելու համար:

«Հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները: Այդպիսին է լրագրողների կոչումը` ճիշտ ըմբռնել պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա երևույթները, նրանց զարգացման միտումները և կատարել վաղ ազդարարման յուրօրինակ համակարգի դեր:

Կես կատակ, կես լուրջ, բայց մի անձնական դիտարկում կատարեմ: Մասնագիտության բերումով բժիշկներն ու լրագրողներն ասես կոլեգաներ լինեն: Բժշկության հիմնական սկզբունքներից մեկը հետևյալն է՝ ախտորոշել, հետո միայն միջամտել, քանի որ առանց ճիշտ ախտորոշման, կունենանք ավելորդ, գուցե վնասակար միջամտություն: Ցանկանում եմ, որ այս սկզբունքն անդավաճան կերպով կիրառեք նաև լրագրության մեջ:

Բոլորիդ մաղթում եմ, որ 2019 թվականի ընթացքում նույնպիսի պրոֆեսիոնալիզմով համագործակցեք նաև նորընտիր խորհրդարանի հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը գնահատանքի խոսք է ուղղել նաև Ազգային ժողովի աշխատակազմին ու հատկապես Լրատվության և հանրության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ չնայած վեցերորդ գումարման Ազգային ժողովի կարճատև գործունեությանը՝ այդ ընթացքում հաջողվել է խորհրդարանում լրագրողների համար աշխատանքային լավագույն պայմաններ ապահովվել: Նա հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը կշարունակի այդ գործընթացը:

 

Նույն շարքից