Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի իշխանությունները կհրաժարվեն Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ խտրական քաղաքականությունից և չեն խոչընդոտի վերջիններիս մուտքը՝ Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա անցած տարվա ընթացքում գրանցվել է մեզ հայտնի 16 դեպք, երբ քաղաքացիներին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ կապված էթնիկական ծագման հետ: Ընդ որում, ՌԴ քաղաքացիներին երկար ժամանակով պահել են օդանավակայանում, ապա բռնի կերպով արտաքսել երկրից՝ առանց նշելու պաշտոնական հիմքերը»,-ասել է Զախարովան:
Զախարովայի խոսքերով, նման դեպքերն արդեն վատ ավանդույթ են դառնում. «Այդ դեպքերը մարդու իրավունքների կոպտագույն խախտում են, հակասում են ռուս-ադրբեջանական բարեկամությանը, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրին, միջպետական պայմանագրին՝ կապված քաղաքացիների առանց վիզային այցերի հետ, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության դեկլարացիային»:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ, Մոսկվան ոչ մեկ անգամ է ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. «Մեզ հավաստիացրել են, որ իրավիճակը կփոխվի, մենք հույսեր ունենք այդ մասով»: