Հայաստան 

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ՍԴ-ում

analitik.am

Սահմանադրական դատարանում մարտ ամսին փոխոխություններ են սպասվում: Այս տեղեկությունը հաստատել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:


Բանն այն է, որ ՍԴ անդամներից երկուսը կենսաթոշակի պետք է գնան և նրանց փոխարեն պետք է նշանակվեն նոր անդամներ:


ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի թոշակի կգնա մարտի 5-ից՝ 65 տարեկանը լրանալուն պես, քանի որ նա ՍԴ անդամ է դարձել փոխություններից հետո, երբ թոշակի գնալու թույլատրելի տարիքի շեմը փոխվել է: Իսկ Վալերի Պողոսյանը ՍԴ անդամ է մինչ փոխոխությունները, նա թոշակի կգնա մարտի 25-ից հետո՝ 70 տարեկանը լրանալուն պես:


ՍԴ անդամներին նշանակում է կամ Ազգային ժողովը, կամ ՀՀ նախագահը: Օրինակ՝ Մանուկ Թոփուզյանը նշանակվել է նախագահի հրամանագրով, հետեւաբար նրա փոխարեն ՍԴ անդամ կնշանակվի նախագահի հրամանագրով:


Հովհաննես Պապիկյանը հնարավոր է համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանի վերադարձը ՍԴ՝  նշելով, որ ժամանակին, երբ նա գնում էր ՄԻԵԴ, առաջարկել էր, որ վերադարձի տարբերակը եւս նկատի ունենան: «Շատ հավանական է նրա վերադարձը, նա լավագույն դատավորներից է եղել»,- ասաց ՍԴ մամուլի քարտուղարը:


Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։


Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու. թոշակի է գնալու ՍԴ անդամ,ՀՀ ԿԳՆ նախկին նախարար (1991–92թթ) Վալերի Պողոսյանը, ով այս տարվա մարտի 23-ին կդառնա 70 տարեկան եւ ՍԴ անդամ, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։


Գյուլումյանը, ով ԵԴ էր գնացել ՍԴ-ից, փաստորեն որոշել է պատեհ առիթը բաց չթողնել եւ «զոհաբերել» Ստրասբուրգում անցկացնելիք մի քանի ամիսը՝ փոխարենը ցմահ աշխատանք ստանալով ՍԴ-ում։


«Թե ով Գյուլումյանին կփոխարինի եվրադատարանում. դեռ հստակ չէ։ Մինչ Գեւորգ Կոստանյանի ՀՀ գլխավոր դատախազ դառնալը չէր բացառվում, որ նա կարող է փոխարինել Գյուլումյանին, ինչն այժմ, ըստ էության, բացառվում է։ Հավանական նոր թեկնածուներից մեկը Դավիթ Հարությունյանն է»,–գրում է թերթը։

Նույն շարքից