Հասարակություն 

Պետրոս Ղազարյանը հեղափոխություն է սկսել Հ1-ում. Առավոտ

analitik.am

Հանրային հեռուստաընկերության լուրերի ծրագրում գրաքննություն չկա: Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել է հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը, որն այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա դեկտեմբեր ամսին:

Լուրերի թողարկումում, ինչպես նաեւ կադրային քաղաքականությունում, ինչպես ասաց Ղազարյանը, շատ մեծ փոփոխություններ են կատարվել:

«Երկուշաբթի օրվանից մենք եթեր ենք մտնելու շատ ավելի մեծ ծավալով. 2 ժամը մեկ կլինեն լուրեր, ժամը 13:00-ից սկսած առավոտյան թողարկում կլինի, հյուրեր են լինելու հրատապ թեմաներով: 60 րոպե տեւողությամբ կլինի ժամը 21:00-ի լուրերի թողարկումը, որտեղ կլինի նաեւ իմ հարցազրույցը: Շաբաթ օրը կունենանք երեկոյան գլխավոր թողարկումը, որովհետեւ մեր լուրերի վերջին ժամն է լինելու՝ 1 ժամանոց գլխավոր թողարկումն է: Լուրերում կփորձենք հնարավորինս ուղիղ եթերի ռեժիմով արագ, օպերատիվ լրատվություն տալ: Կլինեն մեկնաբանություններ, կապեր աշխարհի տարբեր կետերից: Շատ մեծ են փոփոխությունները, ամսի 14-ից եթեր կմտնենք այդ ռեժիմով»:

Ղազարյանի փոխանցմամբ՝ լուրերի մեկնաբանական գրեթե ողջ կազմը եւ լրագրողների գրեթե կեսը փոփոխվել են:

Արդյոք, այսպես ասած՝ հանրայինի լուրերի հնաբնակ լրագրողները նոր լրագրողներով են փոխարինվելու, այս հարցին ի պատասխան Ղազարյանն ասել է «Հանրային հեռուստաընկերության լուրերը երկրում խոսքի ազատության չափորոշիչները դնող ինստիտուտ է նաեւ: Եթե հանրայինի լուրերը ազատ են իքս չափով, ապա այդ երկրում իքս չափով է ազատ խոսքի ազատությունը, եւ մնացած բոլոր լրատվակաները իրենց ազատությունում մինիմում այդքանը կարող են անել: Այս պարագայում մեր խնդիրն է փոխել այդ լուրերի տրամաբանությունը, ինչպես որ մինչեւ հիմա այս 20 տարիների ընթացքում եղել է հանրայինում, որպեսզի այն չլինի իշխանական: Ես առաջին օրվանից ասել եմ՝ մենք՝ լուրերը, չակերտավոր ասած՝ հակահեղափոխական ենք, հիմա չպետք է լինենք հեղափոխական: Հիմա մենք պետք է լինենք լրագրողական: Մենք հակահեղափոխականներից ոչ թե պետք է դառնանք հեղափոխական, այլ պետք է դառնանք լրագրող: Եվ լուրերը լինելու են այդ տրամաբանության մեջ՝ հավասարակշռված, հավասարահեռ եւ օպերատիվ: Այն, ինչը, որ լուր է, այն ինչը հասարակությանը հետաքրքիր է իր կարծիքը ձեւավորելու համար, դա նրանք առաջինը կտեսնեն հանրայինով: Կադրային բոլոր փոփոխությունները միտված են այս տրամաբանության սպասարկմանը»:

Այդ քաղաքականությունն ու տրամաբանությունը բխում է ղեկավարությունից, ինչպիսի պահանջ դնի ղեկավարությունը, այդպես էլ կաշխատի լրագրողը, արդյոք պարտադի՞ր էր լրագրողական կազմի մեծ փոփոխություն, այս հարցին պարոն Ղազարյանն այսպես է պատասխանել. «Ես ոչ մեկին չեմ ուզում որեւէ բան պարտադրել: Ես կարծում եմ՝ առանց որոշակի թիմի փոփոխության, ոլորտի փոփոխության, ոչ մի նոր զարգացում հնարավոր չէ: Եվ հենց դրա համար ասացի՝ փոխվել է գրեթե կեսը, ինչը ենթադրում է որ այն մի կեսը մնացել է»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից