Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին

Քոչարյանի հարցազրույցը  քաղաքական գործիչներին ուղեղները մարզելու լավ հնարավորություն տվեց:  Մոտ երկու ամիս նրանք կարող են կարծիքներ հայտնել, հետո միմյանց հայտնած կարծիքները քննադատել կամ գովաբանել, նեղ շրջանակներում ավելի անկեղծ քննարկել՝ իհարկե թաքուն, քանզի չգիտեն, թե ինչ կլինի, ով ում կփոխարինի, ուստիև դեռևս պետք չէ շատ կոշտ կամ նուրբ լինել... Համարձակներ, իհարկե կան, չնայած սա էլ է վիճելի հարց՝ համարձա՞կ են, թե ելք չունեն...


Ամեն դեպքում բավականին հետաքրքրացավ քաղաքական գործիչների առօրյան՝ մի մասը լռում է, բայց ոչ թե այն բանի համար, որ ասելիք չկա, ուղղակի ասելիքը կարող է հետագայում  այսպես ասած իրեն հրամցվի «Բարի Ճանապարհ» ափսեում: Մյուս մասն ուղղակի իր պարտքն է կատարում՝ քաջ գիտակցելով, որ Քոչարյանն այդքան էլ ներողամիտ անձնավորություն չէ, և ոչ մի պարագայում չի մոռանա այն «ազնվաբարո պարոնայքին», ովքեր մի ժամանակ խանդավառված իր գեթ մեկ հայացքին արժանանալու մասին էին երազում, իսկ հիմա արդեն կոպիտ քննադատում են... Քաղաքական գործիչների մի մասն էլ ուղղակի լղոզված պատասխաններ է տալիս՝ այսինքն անհասկանալի է ում կողմից են, դե մեղադրել չի կարելի, քանզի վերջին հաշվով շատերը չեն կարողանում ընկալել, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարող են ներքին հակասություններ ունենալ: Սա զարմանք է առաջացնում անգամ քաղաքականությանից բացարձակ անտեղյակ մարդու մոտ: Հետաքրքիր է, եթե հնարավոր հակամարտության դեպքում քաղաքական գործիչները՝ առավել ևս իշխանության մեջ ընդգրկվածները,  ստիպված լինեն ընտրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ո՞վ ավելի ծանրակշիռ թիմ կձևավորի: Այս հարցն իհարկե բավականին վիճելի է, քանզի չեմ կարծում, որ պայքարն այդչափ կարող է զարգանալ՝ ստիպելով մարդկանց կողմնորոշվել այս կամ այն կողմ, բայց չէ՞ որ ոչ ոք չէր էլ կարող կանխատեսել, որ ինչ-որ մի ժամանակ երբեմնի Քոչարյանի շատ հլու հնազանդ ենթականեր այսօր իրենց «շեֆ»-ի դեմ այսօրինակ կոշտ հայտարարություններով հանդես կգան: Հավանական բացահայտ բախման մեջ գրեթե համոզված կարելի է ասել, որ որպես վեճի կառավարիչ կընտրվի Պուտինը, ով ուղղակի կընտրի, թե ում հետ է ուզում աշխատել հետագայում: Այստեղ էլ բավականին վիճելի է կանխատեսել, թե ում վրա ընտրությունը կանգ կառնի, քանզի Սերժ Սարգսյանն այս պահի դրությամբ ոչ մի անհանգստություն չի պատճառում պարոն Պուտինին՝ ընկերական հարաբերություններ իհարկե ի տարբերություն Քոչարյանի չկան, բայց  ընկերությունն ընկերությամբ, բիզնեսը բիզնեսով, իսկ վերջինումս Սարգսյանը Պուտինի համար գրեթե իդեալական, անխնդրահարույց գործընկեր է:


Կա նաև հաջորդ տարբերակը՝ Քոչարյանն ուղղակի հաջորդ նախագահական ընտրություններին է պատրաստվում՝ այս դեպքում էլ ինչու՞ է Սերժ Սարգսյանը փորձում խանգարել նրան՝ գուցե այս տարիների ընթացքում հասցրել է ա՞յլ իրավահաջորդ պատրաստել, ինչը կնշանակի, որ որևէ պայման է խախտվել՝ հիշում ենք, որ նույն Սերժ Սարգսյանը Քոչարյանի օգնությամբ նախագահ դարձավ, և չեմ կարծում,  որ Քոչարյանը նպատակ ուներ Սարգսյանի իշխանությունը հավերժ դարձնել Հայաստանում և բացառապես դուրս գալ  քաղաքականությունից:


 Այսքանով հանդերձ պետք չէ նաև շատ ծայրահեղական լինել՝ գուցե սա ուղղակի նախապես մտածված սցենարի տրամաբանական զարգացումների մի սյուժեն է ընդամենը: Տարբերակներն ինչպես տեսնում ենք քիչ չեն, բայց դրանց ճշմարտացիությունը կարող է հաստատել միայն ժամանակը և «սուր աչքը»:


Հ.Գ. Շատ ավելի ցանկալի կլիներ, որ քաղաքական գործիչներն այսչափ ոգևորված և արագ պատասխանեին նույն կուտակային կենսաթոշակային համակարգի, Մաքսային Միություն մտնելու և երկրի համար այլ կարևորագույն հարցեր առաջանալիս, այլ ոչ թե  ոհմակի տրամաբանությամբ հարձակվեին, երբ իրենց աթոռը խլելու անգամ թեթև կասկածներ ունեն, պատկերացնում եմ, թե ինչ գզվռտոց կսկսվի, եթե հանկարծ ավելի կոշտ պայքար սկսվի ներկայիս և նախորդ՝ իրականում գրեթե նույն անձերի միջև:


...ԱՆԱԼԻՏԻԿ...


Նույն շարքից