Հասարակություն 

Պահանջում ենք ռուսական ռազմաբազան փշալարերով պատել. Լևոն Բարսեղյան

Այսօր ՀՀ մի շարք քաղաքացիներ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի առջևից շարժվելու են դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազայի մատույցներ, որտեղ տեղի կունենա սգո և բողոքի արարողություն՝ ի հիշատակ բազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության տարելիցի և մեկ այլ ռուս զինծառայողի կողմից սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին: Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջարկում է շուրջօրյա և կրկնակի հսկողության տակ վերցնել ռուսական 102-րդ ռազմաբազան. «Պահանջում ենք հատուկ հսկողության տակ առնել Գյումրիում գտնվող ռազմազայի բոլոր ռազմակայաններն ու զորանոցները, դրանք Գյումրիում առնվազն 5-ն են: Բոլոր շրջագծերով արգելապատնեշների, փշալարերի միջոցով պետք է  դրսից նույնպես արգելափակվի զորամասի ելքումուտը ոչ սահմանված տեղերով: Այդ արգելապատնեշների կամ արգելանքի գոտիների ստեղծելու հետ մեկտեղ պահանջում ենք տեսահսկման համակարգ ներդնել բոլոր այս զորամասերի շրջագծով»:

Նա նշեց, որ ռազմաբազայի ամբողջ շրջագծի շուրջ պետք է տեսախցիկներ տեղադրվեն, որպեսզի եթե որևէ մեկը փախնի,  ազդանշանի համակարգը միանա, հասարակությունն իրազեկվի այդ մասին, որպեսզի փախածները որևէ վնաս չտան:

Լևոն Բարսեղյանը նշեց, որ լրացուցիչ հսկողություն պետք է սահմանվի ՀՀ իրավապահների կողմից. «Մենք առաջարկում ենք կրկնակի հսկողության տակ առնել այս զորամասերը: Այստեղ պետք է ունենալ մեր իրավապահներից, որ եթե ներսից որևէ մեկը դուրս գա, մեր իրավապահների կողմից նույնպես հաշվառվի, գրանցվի կամ հսկողության տակ առնվի: Եթե առանց արտոնման այստեղից որևէ մեկը դուրս է գալիս, անհապաղ պետք է ժողովրդին իրազեկել այդ մասին ԶԼՄ-ների միջոցով: Ես համոզմունք ունեմ, որ եթե նման ազդարարում լիներ 4 տարի առաջ, ապա Ավետիսյանների դժբախտությունը գուցե հնարավոր լիներ կանխել: Գիշերը ժամը 2-ին Պերմյակովը փախել էր, հաջորդ օրը ցերեկվա ժամին նոր տեղյակ էին  պահել մեր իրավապահներին»:

Պահանջներից մեկն էլ այն է, որ ազատ բնակեցված տարածքներում լինի ռազմական ոստիկանության ներկայություն. «Դուք գիտեք, որ ժամկետային զինծառայողները ներսում են, իսկ պայմանագրային զինծառայողներն  իրավունք ունեն բնակվել որտեղ կամեանան, մեծամասամբ նրանք բնակվում են Գյումրու, այսպես կոչված,  ռազմական թաղամասում, սակայն այնտեղ ազատ ելումուտ կա, մենք պահանջում ենք, որ այնտեղ Հայաստանի ոստիկանության կամ ռազմական ոստիկանության կողմից հսկողություն լինի՝ պարեկային խմբեր կամ թաղային ոստիկանական կետեր ստեղծվի»:

Բարսեղյանը նաև նշեց, որ սա դեռ նախագիծ է, որը կարող է լրացվել, փոփոխվել:

 

  • 223
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    225
    Shares

Related Articles