Բարի օր Հասարակություն 

Հիմա պետք է աշխարհին ասենք, որ անտեր ենք մնացել.Տիգրան Հեքեքյան

analitik.am

Երևանի կենտրոնում՝ Արամի 23 հասցեում, փլուզվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հուշարձան շենքը: Շենքի փլուզման պատճառն, ամենայն հավանականությամբ, հարևանությամբ կառուցվող շինությունն է:

Analitik.am-ի հետ զրույցում  հայ խմբավար, մանկավարժ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր, նախագահ Տիգրան Հեքեքյանն ասաց, որ շենքի փլուզման համար իշխանությունները պետք է պարտադրեն մեղավորին, որպեսզի վերականգնի. «Այդ մասով քրեական գործ է հարուցված, մենք այդտեղ անելիք չունենք: Շենքը ոչ թե փլուզվել է կառուցապատման պատճառով, այլ անօրինական, ապօրինի, նորմատիվների խախտման և ՀՀ օրենքների ու կառավարության որոշումների խախտումների կառուցապատման հետևանքով, որի պատասխանատուն և՛ քաղաքապետարանն է, որ թույլ է տվել, և՛ կառուցապատողը, որը պիտի պատասխան տա»:

Հարցին, որտե՞ղ են շարունակվելու պարապունքները, պարոն Հեքեքյանն ասաց, որ ներկա պահին շենքի ներսում պարապունքներ տեղի չեն ունենում. «Հիմա պետք է փորձենք պարտադրել, որ մեզ համարժեք տարածք հատկացնեն: Կատաստրոֆիկ վիճակում ենք հայտնվել, Հայաստանի կապն ամբողջ աշխարհի հետ պահում է այս կազմակերպությունը։ Հիմա պետք է աշխարհին ասենք, որ անտեր ենք մնացել և այլն»:

Նշենք նաև, որ հուշարձան շենքին սպասվող ճակատագրի մասին արդեն երկար ժամանակ էր բարձրաձայնվում, սակայն, ինչպես երևում է, իշխանությունները դա կարևոր չհամարեցին:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից